Մամուլ

Ավտովթար՝ Երևանում, բախվել են «Fiat» ու «Nissan», իսկ վերջինն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիր

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ավանեսյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Աշոտ Ավագյանի վարած «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության  Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված, երթևեկությունը կարգավորող լուսակիրը (սվետաֆորը)։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։