Մամուլ

Մասիս և Սևան ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ. ովքե՞ր են նրանք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք պատշաճ ձևով ծանուցվել են 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձինք, սակայն, այդ ընթացքում չեն ներկայացրել հայտարարագրերը և չեն ներկայացել հանձնաժողովին:

Դրանից հետո Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, և տեղի ունեցած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ 200․000-ական ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:

Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ ավագանիների նախկին անդամները 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագրեր չեն ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: