Մամուլ

Լարված իրավիճակ՝ Փարաքարում. 450-ից ավել ընտանիքներ բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր՝ հուլիսի 20-ին, Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Փարաքար բնակավայրի Գևորգ Էմին փողոցի բնակիչները հավաքվել էին նշված փողոցում ու ցանկանում էին հստակ պատասխան ստանալ «Վեոլիա ջուր» ընկերությունից, թե ինչու է այդ ընկերությունը իր սպառողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերում։ 

Shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«10 օր է՝ ընդհանրապես խմելու ջրի համը չենք զգացել։ Նախկինում ջուրը տալիս էին, էն էլ վայ էդ տալուն։ Օրը 30 րոպե տալիս էին, բայց էդ դեպքում էր որակ չկար, էդ ջուրը լցնում էինք անասունի դեմը, անգամ անասունը չէր խմում։

Իսկ էս 10 օրվա ընթացքում ամեն օր զանգում ենք «Վեոլիա ջրի» թեժ գիծ։ Եթե առաջին 2 օրերին պատասխանում էին, ասում, թե խնդրին տեղյակ են, ժամը 8-ին կանոնավոր կստանանք ջուրը, ապա հիմա ընդհանրապես չեն էլ բարեհաճում մեր հեռախոսազանգերին պատասխանել։ Դրանց մոտ մի փնթի ավանդույթ է ձևավորվել։ Էդ օպերատորները պետք է լավ իմանան, որ մեր տված գումարներով են իրենց ընտանիքների գոյության հարցը լուծում, բայց մեր համարները հենց տեսնում են, չեն պատասխանում։

Ո՞վ է տեսել 20-րդ դարում նման անհարգալից վերաբերմունք։ Ամոթն էլ է լավ բան։ Առողջապահության նախարարությունը հորդորում է, որպեսզի մարդիկ պահպանեն հիգիենայի տարրական պայմանները։

Էդ «Վեոլիա ջուրը» եթե նման փնթի ձևով է աշխատում, մենք ո՞նց պահպանենք։ Խանութներում կես ժամվա մեջ ջրերը վերջանում են։ Բա տունը լվացք անել կա, երեխաներին, այդ թվում՝ նորածիններին, լողացնել կա, տարեցներին ջուրը օդի պես անհրաժեշտ ա։ Բա հարգելի «Վեոլիա ջուր», էդ որ ասում եք մեր գործը չի, բա ձեր գործը մեր հաշվին թափանները լցնել ա՞։ 

Գալիս, ասում եք վճարումը կատարեք, կանոնավոր կատարում ենք բայց տեղը ստանում ենք զրո սպասարկում։ Մենք պատրաստ ենք դիմել ամենակտրուկ միջոցների, եթե մեր հարցին մինչև երկուշաբթի օրը երեկոյան  դրական պատասխան չտաք, հետո չասեք «Դավիթ գող-գող եկավ, գնաց»»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։