Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են
Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 03:50-ի սահմաններում, Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ին և 60-ամյա Արև Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցամմբ՝ վերջինները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ հայտնել են, որ երբ իրենք փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը և քամին մի քանի կիլոմետր նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։
Անգամ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ափից չհեռանան, սակայն քամին ոչ միայն իր սև գործն է արել, այլև թիավարելու համար նախատեսված թիերից մեկն է կոտրվել։
Նշված անձինք ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Ոստիկանները հայտնաբերել են նաև փչովի նավակը, որով ամուսինները դուրս էին եկել լիճ։
