Մամուլ

Երևանի Ազնավուրի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

Արձանի բացման արարողության ժամանակ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի արձանի բացումը նախաձեռնվել և ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

«Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր երևանցիների և Երևանի հյուրերի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ Ազնավուրը յուրաքանչյուրի կյանքում առանձնահատուկ հարազատ է, և հազվադեպ է, որ մարդիկ, անձամբ չճանաչելով մարդուն, ունենան հարազատության այսպիսի զգացում մեկի հանդեպ:

«Կինո, թատրոն, կերպարվեստ. բնական է, որ այս հրապարակն Ազնավուրի անունով կոչելը և այստեղ Ազնավուրի արձան ունենալը շատ ներդաշնակ և տրամաբանական է:

Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այնպես էլ Ազնավուրն իր ամբողջ գործունեությամբ շարունակում է միավորել մեզ»,- ասաց նա:

aznavur 1