Մամուլ

Հրատապ․ ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի

ArmLur.am-ը գրում է․ «2025թ. ապրիլի 11-ին, ապրիլի 15-ին և մայիսի 31-ին «Ժողովուրդ» թերթում և թերթի Youtube-յան կայքում հանրությանը տեղեկացրել էինք քաղաքացի Արևիկ Գևորգյանի ահազանգի մասին, որտեղ նա նշում է, որ «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի անունից գործող, որպես «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ ներկայացող ոմն Անդրանիկ Ելինյանը իր սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է ՀՀ վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանի ապօրինի կեղծ աճուրդը, ներկայացնելով այն տարբեր, օրենքին չհամապատասխանող իրար հակասող կարգավիճակներով, մասնավորապես որպես «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդի» առարկա։

Ինչպես Արևիկ Գևորգյանն է հայտնում՝ բնակարանն արդեն իրացվել է.

«Արհամարհելով օրենքը, ոտնահարելով մի ամբողջ ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները՝ ոմն Ա.Ելինյանը hունիսի 13-ին հայտարարել է, որ իրացրել է մեր բնակարանը, մինչ դեռ այն օրենքի ուժով և վերահաստատված օրինական ուժ ստացած դատարանի վճռով հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն, որը ունի երկու օրինական իրավահավասար համասեփականատերեր՝ հայրիկս և մայրիկս, նաև օրինական օգտատերեր և ժառանգներ և գոյություն չունի որևէ իրական օրինական փաստաթուղթ կամ վճիռ, որի հիման վրա որևէ մեկն իրավունք ուներ խախտել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորած մեր ընտանիքին պատկանող բնակարանի անձեռնմխելիությունը»։

Արևիկ Գևորգյանի պնդմամբ՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրն ու մայրը երբևէ չեն ունեցել գույքի գրավի դեպքում օրենքով նախատեսված քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերություններ որևէ բանկի և դրա համագործակցի՝ բնակարանի ապօրինի գաղտնի գրավատուի՝ «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի հետ։ Արևիկ Գևորգյանի խոսքով՝ իրենց ընտանիքի անդամների մոտ բացակայում են նման հարաբերություններ հաստատող օրենքով նախատեսված փաստաթղթեր։

Ինչպես ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին է հայտնում՝ բնակարանն իրացվել է առանց իրենց ընտանիքի անդամների լիազորությունների և իմացության, առանց նոտարական վավերացման, կամայականորեն կնքված անօրինական վարկային պայմանագրի շրջանակներում, որի 4.1 կետում բնակարանն ապօրինաբար կպցվել է Անահիտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գոյությունը չապացուցված կաթսաներին, սալյակներին, միքսերներին և նմանատիպ այլ առարկաներին, որոնք նույն օրը նույն անձանց միջև կնքված, Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի վավերացմամբ, մեկ այլ պայմանագրում ստացել են անշարժ գույքի կեղծ որակավորում։

«Առ այսօր ՀՀ ոչ մի մարմին չի պարզաբանել, թե ինչպես բազմիցս տեղահանված, ունեզրկված, իսկ ներկայումս նաև Արցախից բռնի տարհանված մեր ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված և ՀՀ-ում մեր գոյության միակ միջոցը հանդիսացող բնակարանը դարձել է Միջազգային բանկի ծրագրի շրջանակներում ստվերային ինչ-որ ՍՊԸ-ի տրամադրված ապօրինի վարկերի ապահովման միջոց։

Դեռ 2014թ.-ին մենք դիմել ենք քաղաքացիական հայցով դատարան, բանկի ներկայացուցիչների և «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի ստորագրությամբ, պայմանագրերի բողոքարկման համար, որոնց միջոցով ապօրինաբար գրավադրվել է, բռնազավթվել է և Միջազգային բանկի ծրագրի շրջանակներում շահագործվել է մեր ընտանիքին պատկանող բնակարանը»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:

Նա նաև նշում է, որ բավարարման ենթակա և այդ իսկ պատճառով օրինական լուծում դիտավորյալ չստացած արագացված դատավարության հիմքեր կրող վերոնշյալ քաղաքացիական գործը պահվել է ՀՀ դատարանների վարույթներում 9 տարի, որոնց ընթացքում այդ գործը վարող 4 դատավորների ջանքերը կենտրոնացվել են հայցապահանջի աղավաղման և ոչնչացման գործողությունների վրա, իսկ իրենց ընտանիքի անդամներն այդ վարույթի շրջանակներում ենթարկվում էին տարբեր տեսակի ստերի, անօրինականությունների, խտրականությունների, սպառնալիքների, ճնշումների, կեղծիքների և այլ բռնությունների։

«6 տարի շարունակ քաղաքացիական դատարանների վարույթներում պահելուց հետո սնանկության դատարանի իրավասությանը ոչ մի կերպով չվերաբերվող քաղաքացիական այդ գործը տվյալ բանկի պատվերով 2020թ-ին ապօրինաբար հայտնվել է ՀՀ Սնանկության դատարանում այն նույն դատավորի վարույթում, ում թիվ ԵԱՆԴ0046/04/15 անհապաղ վճռով դեռ 2015թ․ հունիսի 18-ին «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ն, ներկայացված լինելով այդ վճռում գոյություն չունեցող կեղծ հասցեով, որը հակասում էր այդ ՍՊԸ-ի գրանցման վկայականում նշված մեկ այլ գոյություն չունեցող կեղծ հասցեին,  ճանաչվել է սնանկ գոյություն չունենալու պարագայում։

ՀՀ Գլխավոր դատախազության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի հրամանով «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ին գոյություն չունենալու պարագայում սնանկ ճանաչելու փաստի  վերաբերյալ 2015թ․աշնանը հարուցվել է քրեական գործ։

Սակայն «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի սնանկությանը վերաբերվող քրեական և դրան հաջորդող մինչդատական գործերի շրջանակներում չի արձանագրվել ոչ մի բառ այդ ՍՊԸ-ի սնանկության մասին, իսկ ՍՊԸ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարչի լիազորությունները 2015թ․հուլիսի 1-ին ստանձնած Անդրանիկ Ելինյանը, ով տրամաբանորեն պետք է ներգրավված լիներ վերոնշյալ գործերի վարույթներում և փոխանցեր քննչական մարմիններին իրեն հայտնի դարձած տեղեկություններն այդ ՍՊԸ-ի վերաբերյալ, նախընտրել է ձեռնպահ մնալ «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ի սնանկությանը վերաբերվող գործից, իսկ ավելի ուշ առանց հայցվորի համաձայնությունը հարցնելու կամայականորեն ներգրավվել է այն ժամանակ դեռ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող մեր քաղաքացիական գործին՝ պատասխանող կողմում: Քաղաքացիական գործում մասնակցությունը չի բերել Ա.Ելինյանին  ոչ մի արդյունք՝ իրեն չի հաջողվել և օրենքի շրջանականերում չէր էլ կարող հաջողված լինել ձեռք բերել այդ գործով որևէ փաստաթուղթ, որը իրեն իրավունք կտար դիմել մեզ ինչ-որ ՍՊԸ-ի հարցով։

Միաժամանակ 2016-2023թթ, երբ ինքը հանդիսացել է մեր քաղաքացիական հայցով չհրավիրված կամավոր պաշտպանող, սպառվել են նաև իր լիազորությունների ժամկետները, որոնք ինքն ստանձնել էր 2015թ-ին մեզ ոչ մի կերպով չվերաբերվող թիվ ԵԱՆԴ0046/04/15 գործով որպես «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ։

Ավելին՝ ոչ միայն ոմն Ա.Ելինյանը, այլ ոչ ոք իրավունք չուներ շահագործել մեր բնակարանի և մեր ընտանիքի անդամների անունները «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի, ՀՀ Սնանկության դատարանի և ոմն Ա․Ելինյանի համատեքստում։

Բանկի և «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի, և ՀՀ Սնանկության դատարանի վարույթում 3 տարի պահված մեր քաղաքացիական հայցի նյութերում առկա են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ․ ապրիլի 3-ի օրինական ուժ ստացած վճռի օրինակները, որոնց 7-րդ, 8-րդ էջերում արձանագրված ապացուցված փաստերի շրջանակներում հստակ ներկայացված է և մեր բնակարանի իրական օրինական իրավական կարգավիճակը՝ որպես օրենքի ուժով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով մեր ընտանիքին պատկանող անշարժ գույք, և մեզ վերաբերվող իրավաբանական հարցերի և դրանցում ներգրավված անձանց շրջանակը, որը չի վերաբերվում ոչ բանկին, ոչ «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանին և օրենքի շրջանակներում  մենք երբևէ չպետք է ունենաինք ոչ մի գործ ո՛չ վերոնշյալ անձանց, ո՛չ առավել ևս Ա․Ելինյանի հետ։

Այնուամենայնիվ, 2023-2025թթ. օրենքից, սահմանադրության և Մարդու իրավունքների սկզբունքներից, որևէ դատական վարույթից, որոշումից, վճռից անկախ գործող, սակայն ՀՀ Սնանկության դատարանի անունից հանդես եկող, «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարչի կարգավիճակով ներկայացվող ոմն Ա․Ելինյանը սեփական միջոցներով կազմակերպել է մեր բնակարանի համասեփականատերերից մեկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Շ․Գևորգյանի հանդեպ ապօրինի կեղծ կատարողական վարույթ, հասցրել է այդ վարույթի շրջանակներում ինսուլտի, այնուհետև Երևանի տոնի օրերին՝ մասնավորապես հոտեմբերի 29-ին իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ, այդ թվում ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչների, ջարդել տալով մեր բնակարանի կողպեքը, կատարել է ապօրինի ներխուժում մեր բնակարան, լուսանկարել է մեր անձնական իրերը և փոխել է մեր բնակարանի կողպեքը։

Հիվանդ վիճակում գտնվող Շահեն Գևորգյանը հայտնվել է գիշերը փողոցում․․․

Միաժամանակ այդ իր գործողություններով Ա․Ելինյանը տապալել է սահմանադրական կարգը, քանի որ անհայտ հիմքով ՀՀ Սնանկության դատարանից ձեռք բերված կատարողական թերթը կեղծիք է, մասնավորապես նաև այն պատճառով, որ մեր բնակարանը ունի երկու օրինական իրավահավասար համասեփականատերեր և ոչ ոք իրավունք չունի բնաջնջել ՀՀ քաղաքացու գոյության և սահմանադրական իրավունքների փաստերը։

Ահազանգում ենք ՀՀ բոլոր պաշտոնական մարմիններին և հանրությանը, որ տեղի է ունեցել խարդախություն, հանցագործություն, որ ՀՀ Սնանկության դատարանի անունից հանդես եկող և «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարչի կարգավիճակով ներկայացվող ԱԵլինյանը մեր բնակարանի համասեփականատերերից միայն Շ Գևորգյանին հասցեագրված ապօրինի իր նամակում հայտարարել է, որ իրացրել է մեր բնակարանը մեզ անհայտ կեղծ կարգավիճակով, ինչպես նաև տեղեկացնում ենք, որ հայտնաբերվել են նաև փաստաթղթեր, որոնցում մեր բնակարանը ապօրինաբար ներկայացված է որպես «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող գույք։

Մեր կյանքի և մեր ունեցվածքի համար սպառնալիք է հանդիսանում այն փաստը, որ մեր բնակարանի կողպեքի բանալին փոխվել է և կարող է գտնվել այլ անձանց մոտ և որ մենք առ այսօր դեռ հնարավորություն չենք ունեցել հետազոտել այդ անձանց կողմից մեր բացակայության ժամանակ իրականացրած գործողությունների հետևանքները։ Եվ առհասարակ, հաշվի առնելով մեզ հայտնի դարձած վերոնշյալ փաստերի առկայությունը՝  այն է, որ մեր բնակարանը շահագործվում է մեր թիկունքից «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ապօրինի կեղծ կարգավիճակով, մեր ընտանիքի բոլոր անդամների գոյության փաստը խոչնդոտ է հանդիսանում մեր բնակարանի հափշտակությունը իրականացրած խմբավորման համար և սպառնալիքի տակ է նաև մեր անվտանգության և կյանքի հարցը»,- պատմեց Արևիկ Գևորգյանը։

Մեզ ահազանգած քաղաքացին պահանջում է ՀՀ համապատասխան մարմիններից ապահովել իրենց ընտանիքի անդամների՝ մասնավորապես ՀՀ վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի անվտանգությունը, հաշվի առնելով, որ իր անունը պարբերաբար շահարկվել է կեղծիք հանդիսացող փաստաթղթերում, իսկ իրենց ընտանիքի մնացած անդամների գոյության և իրավունքների փաստը բնաջնջվել է, ինչպես նաև ապահովել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորած իրենց օրինական սեփականություն հանդիսացող բնակարանի անձեռնմխելիությունը»։