ՄամուլՕգտակար

Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում

Չնայած նրան, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չի ստացվել, հանրության շրջանում անհարաժեշտ իրազեկման աշխատանքներ պետք է իրականացվեն։ Այս մասին հայտնել է աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։

Նա նշել է, որ եթե ինքը համակարգեր պետության ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման համակարգը, ապա անհապաղ կառավարության անունից կդիմեր ՄԱԳԱՏԷ, Եվրամիություն, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, տարբեր երկրների` հայտնելով իր մտահոգությունը և կոնկրետ ցուցակով օգնության խնդրանքով, առաջին հերթին՝ Կալյումի յոդիտ։

«Լրատվամիջոցների և բլոգերների հետ ընդհանուր արտակարգ ցանցով կտարածեի մամուլի տեղեկագիրն ու կհայտնեի հաջորդ մամուլի ասուլիսի ժամն ու տեղը։ Իսկ, եթե հաստատվեր ճառագայթման վտանգը, ուղերձը ներքևում է։

Այսօրվա պատասխանատուները կարող են ավելի հուսալի պաստառ պատրաստել։ Նման իրավիճակներում բնակչության հետ բաց ու անկեղծ, սրտացավ և հոգատար հաղորդակցությունը ճգնաժամային արդյունավետ կառավարման անկյունաքարն է»,- գրել է նա՝ հրապարակելով ուղեցույց, թե ինչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում։

Մնացե՛ք ներսում

  • Անհապաղ մտե՛ք փակ տարածք՝ տան կամ շենքի ներս։
  • Ամուր փակե՛ք բոլոր դռներն ու պատուհանները։
  • Անջատե՛ք օդափոխության համակարգերը, օդորակիչները։
  • Եթե պատուհաններից քամի է փչում, փակե՛ք դրանք կտորով կամ ինքնակպչուն ժապավենով։

Պահպանե՛ք փակ տարածքում գտնվելու կանոնները

  • Հեռացե՛ք պատուհաններից ու դռներից։
  • Եթե հնարավոր է` իջե՛ք շենքի ներքին հատված՝ միջանցք, նկուղ։

Պաշտպանե՛ք ձեր մաշկը և շնչառական համակարգը

  • Եթե դուրս գալն անխուսափելի է՝
    Հագե՛ք երկարաթև, փակ հագուստ
    Ծածկե՛ք բերանն ու քիթը խոնավ շորով կամ դիմակով
    Տուն վերադառնալիս՝ հանե՛ք հագուստը դրսում, լվացեք մարմինը։

Ինչ ուտել և խմել

  • Մի՛ օգտագործեք բաց տարածքում պահված մթերք։
  • Սննդամթերքն ընտրեք միայն փակ փաթեթավորմամբ։
  • Խմե՛ք միայն փակ շշերով կամ ծորակից եկող ջուր։
  • Մի՛ օգտագործեք ջուրը բաց ջրամբարներից, հորերից կամ անձրևաջրեր։

Լսե՛ք պաշտոնական տեղեկատվությունը

  • Հետևե՛ք միայն արտակարգ ծառայությունների հաղորդագրություններին։

Պատրաստե՛ք անհրաժեշտ պարագաները

  • Ջուր (յուրաքանչյուր անձի՝ առնվազն 2 լիտր օրական)
  • Կանխավ պատրաստած սնունդ
  • Դեղորայք, առաջին օգնության արկղիկ
  • Ճառագայթային աղտոտման պարագայում՝ յոդ պարունակող պատրաստուկներ՝ պետական մարմինների ցուցումով
  • Լապտեր, մարտկոցներ, կապի միջոցներ։

Գրիգորյանը հիշեցրել է, որ ճառագայթը չի երևում, չունի համ և հոտ, բայց դրա ազդեցությունը շատ վտանգավոր է։