Մամուլ

Ինչ ունեցվածք ունի Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորը

ArmLur.am-ը գրում է․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանն է։ Վերջինս պաշտոնի նշանակվել է նախորդ տարի նոյեմբերին։

Կարապետյանը իր կարիերան սկսել է ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնից, որտեղ զբաղեցրել է քննիչի և ավագ քննիչի պաշտոնները:

ՀՀ նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարգրում տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում և 2 հողամաս։
Գույքերից երեքը գտնվում են Եղեգնաձոր համայնքում, իսկ բնակարաններից մեկը՝ Երևանում։

Վայոց Ձորում գտնվող հողամասերից մեկը Կարապետյանը նախորդ տարի վաճառել է 2 մլն դրամով, սակայն այդ մասին տարեկան եկամուտների բաժնում չի հայտարարագրել։

Արդյունքում տարեվերջին Կարապետյանը ունեցել է երեք անշարժ գույք։

Որպես Տվյալ տարվա սկզբում և վերջում առկա տրանսպորտի միջոց դատավորը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին, երբ աշխատել է ՀՀ դատախազությունում։

Արտակ Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 600 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ։

Դատավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են  17 մլն 299 հազար դրամ, որից 13 մլն 959 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտից, իսկ 3 մլն 339 հազար դրամը ՀՀ ՊԵԿ-ից ստացված եկամուտ է, որը հիպոտեկի մայր գումարի մնացորդը մարելու համար է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38 մլն 300 հազար դրամ, որից 35 մլն 300 հազար դրամը անշարժ գույքի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին հայտնի դարձավ, որ դատարանը Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորեց։

Կիսվեք ձեր էջում