Մամուլ

Մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ առավոտյան հայտնաբերել երեխային մահացած

Մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ առավոտյան հայտնաբերել երեխային մահացած

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի օրական երեխայի մարմին։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան մարզի գյուղերից մեկի բնակիչ է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում երեխայի մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ արդեն առավոտյան 07։00-ին արթնացել է և հայտնաբերել երեխային մահացած։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։