Մամուլ

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

Oragir.News-ը վերջին օրերի իր հրապարակումներում քանիցս անդրադարձել է Արարատի մարզի Մխչյան գյուղի Ք. Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին. բարձր դասարանների տղաները, զուգարանում կապկպելով 4-րդ դասարանցուն, ստիպել են թմրանյութ ընդունել:

Oragir.News-ի աղբյուրներից մեկը, որը Մխչյանի բնակիչներից է, անանուն մնալու պայմանով՝ նոր մանրամասներ է ներկայացրել միջադեպից:

Դեպքի օրը, երբ տուժած երեխան տուն է վերադարձել, մայրը նկատել է նրա տարօրինակ պահվածքը և հարցուփորձ արել: Երեխան պատմել է, որ իրեն զուգարանում կապել են, ինչ-որ սպիտակ փոշի լցրել բերանը և ստիպել, որ կուլ տա: Այնուհետև բարձր դասարանի տղաներից մեկն ասել է, որ եթե դա երեխային դուր գա, ինքը էլի կբերի:

Մայրը երեխայի հետ գնացել է վերոնշյալ բարձրդասարանցու տուն՝ պարզաբանելու կատարվածը: Վերջինիս մայրը պաշտպանել է որդուն՝ հերքելով տեղի ունեցածը, ինչից հետո վիճաբանություն է ծագել, ու ծեծկռտուք սկսվել:

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն, վերջիններս հայտնվել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Սակայն կողմերից ոչ մեկը պարզաբանում չի տվել տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառների մասին:

Թեպետ՝ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխչյանի բնակիչների փոխանցմամբ՝ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Նշենք նաև, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը, որը դպրոցի զուգարանում կապկպել է 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո աշակերտների մոտ կախվածություն է առաջացել, Քննչական կոմիտեից 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Աշակերտին 2 ամիս տնային կալանք է տրվել։