Ժամանակը, թվում է, սահում է բոլորի համար, բայց ինձ համար այն կանգ է առել․ Գևորգ Սուջյանի կնոջ գրառումը
Գրեթե 5 տարի Բաքվի բանտում ապօրինաբար պահվում է Գևորգ Սուջյանը։ Նրա կինը՝ Լիլիթը գրառում է կատարել սոց․ ցանցի իր էջում, հրապարակելով համատեղ լուսանկար։
«Ժամանակը, թվում է, սահում է բոլորի համար, բայց ինձ համար այն կանգ է առել՝ ճեղքված մի ակնթարթում, երբ նա հեռացավ։ Այդ պահը դարձել է հավերժություն, մի հանգույց, որտեղ անցյալը խառնվել է ներկային, իսկ ապագան՝ մառախուղի մեջ կորել։ Բայց նույնիսկ կանգնած ժամանակի խորքում, հույսը շարունակում է ապրել։
Որովհետև նա գալու է։ Ոչ թե պարզապես վերադառնալու, այլ՝ կրկին աշխարհին իմաստ տալու, սառած պատերին՝ ջերմություն, իսկ կանգ առած սրտին՝ զարկ։ Այդ վերադարձը մի օր կդառնա ներկա, և ժամանակը, որ իբրև դատարկ շապիկ կախված էր օդում, նորից կենդանանալու է։
Եվ այդ ժամանակ՝ ես նորից կապրեմ»։
