Շոու-բիզնես

222 Lava-ից բացի ՊԵԿ-ը տուգանել է նաև Տիկտոկեր Romantika-ին

Panorama.am-ը գրում է․ Անցած տարվա վերջին սոցցանցերում 222lava անունով գրանցված ինֆլյուենսեր-բլոգեր Էրիկ Շահբազյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ն իրեն տուգանել է 109 մլն դրամով։ Նա նախ սպառնաց  լքել երկիրը, ապա ծաղրեց ՊԵԿ աշխատակիցներին, իսկ վերջերս էլ մտահոգություն հայտնեց, որ իրեն հնարավոր է կալանավորեն։

Ի՞նչ պարտավորություններ է ունեցել և ունի բլոգերը ՊԵԿ-ի առջև, ինչպե՞ս է հաշվվել վարչական տուգանքի չափը, հայտարարությունից  ավելի քան երկու ամիս անց պարտավորությունների ո՞ր մասն է կատարել բլոգերը։ Այս ու այլ հարցերի պատասխաններ ստանալու համար Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՊԵԿ-ին։

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն ի պատասխան հարցման  վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ  հոդվածի 3-րդ մասը, ըստ որի տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում, ապա նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի համաձայն՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, իհարկե որոշ բացառություններով։

Panorama.am-ը կոմիտեից հետաքրքրվել էր, բացի Էրիկ Շահբազյանից, կա՞ն ինֆլյուենսեր-բլոգերներ, որոնք անցած տարվա ընթացքում  ենթարկվել են տուգանքների։  Ի պատասխան ՊԵԿ-ից երեք բլոգերի անուն են նշել.

«Սոցիալական ցանցերում (Instagram, Tik-tok, Facebook) գովազդային գործունեություն ծավալող բլոգերների նկատմամբ կայացվել են ներքոհիշյալ որոշումները․

1. Տարոն Ժիրայրի Սարգսյանի /Tik-tok-Romantika/ նկատմամբ 10.10.2024թ.-ի թիվ 1524703 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ / ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ 01.11.2024թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 39.246.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

2. Մարինե Հովհաննեսի Շահվերդյանի /«gonchukshop» և «gonchuk_666»/ նկատմամբ 14.11.2024թ.-ի թիվ 1525279 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն  իրականացնելու փաստ /ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ 29.11.2024թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 200.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

3. Էրիկ Արայի Շահբազյանի /«222Lava»/ նկատմամբ 19.12.2024թ.-ի թիվ 1525209 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ /ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ Կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ։ 18.12.2024թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի հիմքով 08.01.2025թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում»։