Արայիկ Հարությունյանը Բաքվում նոր մանրամասներ է հայտնել
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, շարունակվում է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ դատական նիստի սկզբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական լրատվամիջոցների տարածած լուրերը հոգեբանական ճնշումների և իր և այլ բանտարկյալների նկատմամբ հոգեներգործուն դեղամիջոցների օգտագործման մասին սուտ են։
Ադրբեջանական բանտում գտնվող Հարությունյանը գոհունակություն է հայտնել ազատազրկման վայրի պայմաններից ու իրենց նկատմամբ վերաբերմունքից։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Նախկինում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուսին և քննել մեկ վարույթում, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։
Հավելենք, որ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։