Մամուլ

Նվեր Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տրանսպորտ» ընկերությանը՝ շուրջ 64 միլիոն դրամի արտոնություն է տրամադրվել

Iravaban.net-ը գրում է․ «Մուլտի Տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։ Կառավարության հունվարի 30-ի օրակարգում է ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրման հարցը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի մեկնարկը լուրջ խթան կհանդիսանա Կոտայքի մարզի բնակիչներին կանոնավոր տրանսպորտային սպասարկում ապահովելու համար:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Նվեր Ծառուկյանին։ Նա բաժնեմասը տնօրինում է 2021-ի սեպտեմբերի 16-ից։ Ընկերության գլխավոր տնօրենն էլ Արթուր Դալլաքյանն է։

Մուլտի Տրանսպորտ

Նշենք, որ հունվարի 24-ին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց ու հայտնեց, որ Նվեր Ծառուկյանի անվտանգության 3 աշխատակիցների գործով նյութերը դատարան են հանձնվել, իսկ Գագիկ Ծառուկյանի ավագ որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

Կիսվեք էջում