Նոր մանրամասներ «Գազելի» վթարից. կա 10 վիրավոր
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Գազել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Տառերի պուրակի մոտակայքում, բախվել են Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող 531 համարի GAZelle (վարորդ՝ Դ․ Մ․, ծնված 1965 թ․), Opel (վարորդ՝ Ս․ Տ․) և VAZ մակնիշների (վարորդ՝ Ա․ Ջ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով GAZelle մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելելի հատվածից (մոտ 5 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա 10 տուժած։
Փրկարարները GAZelle մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 2 տուժածի, վարորդ Դ․ Մ․-ին (ծնված 1965 թ․) և երկու ուղևորի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև տուժած Շ․ Ս․-ին փրկարարները ուղեկցել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են GAZelle մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության աշխատակիցների հետ տուժածներին տեղում ցուցաբերել առաջին օգնություն։