Ասադը 250 մլն դոլար կանխիկ գումար է տեղափոխել ՌԴ․ նոր բացահայտումներ
2018-2019 թվականներին Սիրիայի Կենտրոնական բանկը միլիոնավոր դոլարներ է ուղարկել Ռուսաստան։ Երկրի ղեկավար Բաշար ալ-Ասադը Կրեմլին պարտք էր ռազմական աջակցության համար, իսկ նրա հարազատները գաղտնի գնում էին Ռուսաստանում գտնվող ակտիվներ։
Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Import Genius առեւտրային փաստաթղթերին։
Ասադը մոտ երկու տոննա կշռով թղթադրամներ է ուղարկել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերում պահելու համար: Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի սեպտեմբերը գրանցվել է 21 չվերթ՝ ավելի քան 250 միլիոն դոլար հայտարարագրված արժեքով։
Այս փոխանցումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Սիրիան պատժամիջոցների պատճառով արտարժույթի խիստ պակաս էր զգում: Ավելին, մինչև 2018 թվականը նման փոխանցումներ չեն եղել Սիրիայի Կենտրոնական բանկի և ռուսական բանկերի միջև (առնվազն 2012 թվականից սկսած առկա տվյալների համաձայն)։
FT-ի զրուցակիցը, ծանոթ Սիրիայի Կենտրոնական բանկի տվյալներին, ասաց, որ իրենք Ռուսաստանից ցորեն են գնել կանխիկով, վճարել են ռուսական ռազմական բաղադրիչների առաքման և սիրիական նոր թղթադրամների տպագրության համար ռուսական պետական «Գոզնակ» տպագրական ընկերությունից։
Սակայն ռուսական գրառումները ցույց են տալիս, որ նման արտահանումներ տեղի են ունեցել թե՛ այն ժամանակաշրջանից առաջ, թե՛ դրանից հետո, երբ Սիրիան մեծ քանակությամբ կանխիկ գումար է ուղարկել Ռուսաստան։ Սիրիական միջոցները 2018-2019 թվականներին ստացել են ռուսական երկու վարկատուներ՝ ռուսական ֆինանսական կորպորացիան և TsMRBank-ը: Երկուսն էլ ենթարկվել են ԱՄՆ պատժամիջոցներին։
Ըստ FT-ի՝ ոչ մի ապացույց չկա, որ այս վարկատուները կանխիկ այլ բեռներ են ստացել Սիրիայից կամ որևէ այլ երկրից:
Միևնույն ժամանակ Ասադի ռեժիմի մեկ այլ միջազգային աջակից՝ Իրանը, ստեղծեց Սիրիա կոշտ արժույթ փոխանցելու սխեմաներ: Իսկ Ասադների ընտանիքը 2013 թվականից ի վեր առնվազն 20 շքեղ բնակարան է գնել Մոսկվայում ընկերությունների բարդ ցանցի և վարկային գործարքների միջոցով։
Թուրքական «Türkiye» պարբերականը հայտնել է, որ Ասադը Մոկվա փախչելիս իր հետ 135 մլրդ դոլար է տեղափոխել՝ վերջինիս անվանելով աշխարհի ամենահարուստ փախստականը։