Մամուլ

Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում

Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։

24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»-ի Սարատով-Երևան չվերթի օդանավի օդաչուն ինքնաթիռը ոչ թե իջեցրել է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես և պետք է լիներ, այլ «Էրեբունի»-ում, որը օգտագործվում է ռազմական նշանակության համար։

Ընդ որում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, օդաչուն ոչ թե ստիպված է եղել գնալ այդ քայլին, այլ արել է սխալմամբ։ Այս «սխալը» կարող էր ճակատագրական լինել թե’ օդանավի անձնակազմի, թե ուղևորների համար։

Մեր տեղեկությունների համաձայն, արդեն «Էրեբունի» օդանավակայանից ինքնաթիռը կրկին թռել է «Զվարթնոց», որտեղ իջնելուց հետո ուղևորները խստացված հսկողությամբ զննություն են անցել, բոլորի դեմքը նկարել են։

Քաղավիացիայի կոմիտեից հաստատեցին այն տեղեկությունը, որ «Շիրակ Ավիա»-ի Սարատով-Երևան չվերթի օդանավի օդաչուն ինքնաթիռը իջեցրել է ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես և պետք է լիներ, այլ «Էրեբունի»-ում, որը օգտագործվում է ռազմական նշանակության համար։

Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ հետաքննություն է սկսվել, արդյունքների մասին ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։

Կիսվեք էջում