Փի Դիդի: Ինչում է մեղադրվում Շոն Քոմսը և որոնք են նոր մեղադրանքները
Շոն Քոմսը, առավել հայտնի որպես Փի Դիդի, վերջին շրջանում հայտնվել է լուրջ սկանդալի կենտրոնում։ 2024 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվեց մի շարք ծանր մեղադրանքներով, ներառյալ սեռական շահագործում, մարդկանց թրաֆիքինգ և մարմնավաճառություն կազմակերպելու մեջ։
Նրան այժմ տասնյակ նոր մեղադրանքներ են սպասվում հարուցվելիք մի շարք դատական հայցերում, որոնք ներառում են նաև այլ հանցագործների անուններ: «Անունները ձեզ ցնցելու են»,- ասում է փաստաբանը։
Սրանց հիմքում դրված են բազմաթիվ կանանց ցուցմունքներ, որոնք տարիների ընթացքում մեղադրում են նրան սեքսուալ ոտնձգությունների և բռնության մեջ։ Դրանց թվում է նաև նրա նախկին ընկերուհի Քեսսին, ով երկար տարիներ բռնության ենթարկվելու մասին ցուցմունք է տվել։
Փի Դիդիի տները Լոս Անջելեսում և Մայամիում ենթարկվել են խուզարկության՝ դաշնային քննիչների կողմից։ Մեղադրանքները ներառում են լուրջ հանցագործություններ, և ավելի քան 120 մարդ է ներկայացրել բողոքներ նրա դեմ։ Փի Դիդին, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները և պայքարում է դատարաններում՝ փորձելով մաքրել իր անունը։
Այս սկանդալը մեծ հարված է հասցրել Փի Դիդիի հանրային կերպարին։ Չնայած շատերն են լռում այս իրավիճակի շուրջ, որոշ իրավական մասնագետներ պնդում են, որ Փի Դիդիի գործը կարող է շարունակվել երկար տարիներ՝ հաշվի առնելով նրա նկատմամբ հարուցված մեղադրանքների լրջությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Շոն Քոմսը «բռնության է ենթարկել, սպառնացել և ստիպել կանանց և իր շրջապատից մյուսներին՝ իրականացնելու իր սեռական ցանկությունները, պաշտպանել իր հեղինակությունը և թաքցնել իր վարքը» առնվազն 2008 թվականից։
Նա պնդում է, որ 54-ամյա տղամարդն օգտագործել է իր աշխատակիցներին, ռեսուրսներն ու ազդեցությունը երաժշտական արդյունաբերության մեջ՝ ստեղծելու «հանցավոր ձեռնարկություն, որի անդամներն ու գործընկերները, ի թիվս այլ հանցագործությունների, ներգրավված են եղել և փորձել են զբաղվել սեռական թրաֆիքինգի, հարկադիր աշխատանքի, առևանգման, հրկիզում, կաշառակերություն և արդարադատության խոչընդոտում»։
Փի Դիդիի փաստաբանները առաջարկել են 50 միլիոն դոլարի (37,8 միլիոն ֆունտ ստեռլինգ) գրավի փաթեթ՝ Ֆլորիդայի իր առանձնատանը տնային կալանքի դիմաց՝ GPS մոնիտորինգով և այցելուների խիստ սահմանափակումներով:
Փի Դիդին փորձում է պաշտպանել իր անմեղությունը, սակայն դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ գտնվելով նա կարող է փորձել ազդել գործի արդյունքի վրա: Այդ պատճառով նրան արդեն երկու անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել։
Շոն Քոմսը Գրեմմիի եռակի դափնեկիր է և վերջին երեք տասնամյակների ամենաազդեցիկ հիփ-հոփ պրոդյուսերներից մեկը։