ՄամուլՏեսանյութ

Երևանում օտարերկրացիները կացնով հարվածել են տաքսիստ հայրենակցին, կողոպտել, պահանջել, որ ծնողներից 10․000 դոլար ուզի

Երևանում օտարերկրացիները կացնով հարվածել են տաքսիստ հայրենակցին, կողոպտել, պահանջել, որ ծնողներից 10․000 դոլար ուզի

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը:

ՆԳՆ-ից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը:

«Տուժած օտարերկրացու և նրա ընկերոջ հետ զրույցից հասկացանք, որ նրա նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում, իսկ կոնկրետ դեպքի վայրը եղել է Ջիվանու փողոցի տներից մեկը: Շտապ մեկնեցինք Ջիվանու փողոց, սակայն տուժածի նշած տանը այլևս մարդ չկար: Այդտեղ վարձով բնակվող բոլոր չորս տղամարդիկ դիմել էին փախուստի»,-ասել է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել կատարվածը:

Ըստ նախնական տեղեկությունների «Նիսան» մակնիշի մեքենայով տաքսի ծառայություն մատուցող երիտասարդին «Վոթցափ» հավելվածով զանգահարել էին իր համերկրացի երկու հոգի, պատվիրել, որ մոտենա Ջիվանու փողոցի մի տուն: Երբ մոտեցել էր, նրան հրավիրել էին ներս թեյ խմելու: Ոչինչ չկասկածող տաքսիստը մտել էր տուն, որտեղ կացնի բութ մասով մեջքին հարված ստանալուց ընկել էր:

Երբ վեր էր կացել, նկատել էր չորս անձի՝ դեմքերը կտորով ծածկած: Նրանք սկսել էին տաքսիստին հարվածել, այդ ընթացքում մեկը պահել էր ձեռքերը, իսկ մյուսները գրպանից հանել էին 150 հազար դրամ, անձնագիրը, միջազգային վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխանձնագիրը և բջջային երկու հեռախոս:

Ավելին, պահանջել էին զանգահարել հայրենիքում բնակվող իր ընտանիքին, որ 10 հազար դոլար ուղարկեն, այլապես իրեն կվնասեն: Հետո կրկին հարվածել էին, քարշ տալով տարել հյուրասենյակ, կրկին պահանջել զանգել հարազատներին: Բայց մի հարմար պահի նկատելով, որ հյուրասենյակի պատուհանը բաց է, տաքսիստը դիմել էր փախուստի:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ավազակության հատկանիշներով, և իրավապահներն անցան գործի:

«Քննչական բաժնի հետ ձեռնարկած միջոցառումներով կարողացանք ճշտել ավազակություն կատարած անձանց ինքնությունը: Համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ` շուտով պարզեցինք նաև նրանց թաքնվելու վայրը:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին, Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում հայտնաբերեցինք օտարերկրացի չորս անձանց, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալեցինք և ներկայացրինք Մալաթիայի քննչական բաժին»,-մանրամասնել է Հարություն Պետրոսյանը:

Բոլորն էլ կալանավորված են: Հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Կիսվել