Մի՞թե հայրենիքից ու երեխայի ապագայից կարևոր բան կա, մի՞թե փողն ամեն ինչից կարևոր է․ Ալլա Լևոնյան
Hraparak.am-ը գրում է․ Կառավարությունը օրենքի նոր նախագիծ է առաջարկել, որով մշակութային հաստատությունների անվան «ազգային» բառը ուզում են փոխարինել «պետական» բառով: Երգչուհի Ալլա Լևոնյանին խնդրեցինք կարծիք հայտնել:
«Ազգայինը շատ կարևոր է, ամեն ազգ պետք է ունենա իր ազգայինը, ազգային մշակույթը: Այն, ինչ ազգային է, պետք է պահպանել: Այն երկրները, որոնք պահպանում են իրենց ազգայինը, շատ ավելի երկար են ապրում, ուժեղանում են և այլն: Եթե ազգայինը մղվում է հետին պլան, առաջին պլան է գալիս համաշխարհային ինտեգրումը:
Աշխարհից կարելի է վերցնել լիքը լավ բաներ: Այն մարդը, ով չի տարբերում ազգայինը ռաբիզից, էլ ի՞նչ ասեմ նրան: Մենք հայերս մի փոքր ծայրահեղ ենք մեր էմոցիաների մեջ, երբեմն կտրուկ, ծայրահեղ մոտեցում ենք ցուցաբերում ազգայինի հանդեպ և դա սխալ պատկերացում է ձևավորում, բայց պետք է չափի զգացողությունը, բալանսը պահել: Պետք է պահել ազգայինը, բայց նաև առաջ շարժվել, աշխարհից էլ լիքը լավ բաներ սովորել…
Եթե ուզում ենք մեր տեսակն ու ինքնությունը պահել, պետք է կարևորել մեր ազգային առանձնահատկությունները, հակառակ դեպքում դառնալու ենք աշխարհի քաղաքացի: Որքանո՞վ է ճիշտ ձուլվել… մի՞թե հայրենիքից ու երեխայի ապագայից կարևոր բան կա, մի՞թե փողն ամեն ինչից կարևոր է: Ես այդպես չեմ կարծում, չի կարելի լինել այդքան եսակենտրոն, պետք է մտածել սերունդների մասին, երբ սկսում ես ինքդ քո մասին մտածել, խարխլվում է ամեն ինչ:
Սրանք պրիմիտիվ երևույթներ են, որոնց մասին մարդիկ վաղուց պետք է հասկացած լինեին: Մի հասարակ օրինակ բերեմմեր հարևան փոքրիկ Վրաստանի օրինակը:
Ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, ուստի շատ հարցերի մեջ չեմ մտնի, բայց կասեմ երբ Վրաստանում ցանկացած ռեստորան, սրճարան, կամ այլ ժամանցի վայր ես գնում, այնտեղ պարտադիր ազգային երգեր են հնչում` վրացերենով, ոչ թե արաբերենով, կամ թուրքերենով: Ես երբեք չեմ լսել, որ վրացական ինչ-որ խումբ անգլերենին այդքան կարևորություն տա, կամ օտար ելևեջներով երգի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում