Մամուլ

Պայթյուն Երևանի շենքերից մեկում

Shamshyan.com-ը գրում է․ Ժամը 21։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։

Պարզվել է, որ հինգերորդ հարկի թիվ 35 բնակարանում է տեղի ունեցել պայթյունը, ինչից հետո 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել, ում բժիշկները  տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները։

Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։

shenq paytyun

Դեպքի մասին Ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանում քննչական խումբն ու փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։

Կիսվել