Մամուլ

Օգտագործում են թունաքիմիկատ ու արագ հավաքում բերքը, ինչը վտանգավոր է առողջության համար

Օգտագործում են թունաքիմիկատ ու արագ հավաքում բերքը, ինչը վտանգավոր է առողջության համար

Armtimes.com-ը գրում է․ Ըստ որոշ փորձագետների՝ ամռանը գյուղատնտեսության ոլորտում ավելանում է թունաքիմիկատների, քիմիական նյութերի լայնամասշտաբ կիրառությունը՝ վտանգելով գյուղմթերք սպառողների առողջությունը։ Նմանատիպ նյութերը թեև պաշտպանական միջոց են համարվում մշակաբույսերի համար, սակայն նաև կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել մարդու առողջությանը՝ հանգեցնելով ընդհուպ մահվան։

Հայաստանում թերևս այդպիսի նյութերի թունավորումների դեպքեր հստակ չեն արձանագրվել, սակայն օրեր առաջ Սյունիքի մարզում ընտանիքի բոլոր անդամները թունավորվել էին, դրա հետևանքով 4-ամյա երեխան մահացել էր։ Երեխաները օգտագործել էին նաև հատապտուղներ, մրգեր։ Բժիշկները կասկածում են քիմիական թունավորում, բայց թե ի՞նչ նյութի հետևանքով, պետք է պարզի նախաքննական մարմինը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին՝ թունաքիմիկատների օգտագործման դեպքերի ստուգման առումով պարբերաբար մոնիթորինգ են իրականացնում։

Չեն հերքում՝ խնդիր կա, որ գյուղատնտեսներն օգտագործում են թունաքիմիկատ ու արագ բերքը հավաքում։ Միևնույն ժամանակ կառույցը տվյալ հարցի հետ կապված բողոքներ չի ստացել։ Չնայած դրան՝ նաև հայտնում են՝ նման նյութերի առկայությունը ուսումնասիրելն ու հաստատելն էլ է բավականին երկար գործընթաց. եթե նույնիսկ մարդը վստահ է, որ իր գնած մթերքում եղել է որևէ քիմիական նյութ, պարզելը դժվար է։  

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության փորձագետ Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այդպիսի միջոցների օգտագործումը ամռան սեզոնին է ակտիվանում, ինչն էլ կապված է նրա հետ, որ մշակաբույսերի վնասատունները ի հայտ են գալիս հատկապես այս շրջանում, ուստի դրանց կիրառումը անհրաժեշտ ու պարտադիր է։

«Ամբողջ տարի հնարավորություն ունենք բնակչությանը ապահովել թարմ պտուղներով ու բանջարեղենով, բայց կարևոր խնդիր է, որ մշակաբույսերի պաշտպանության միջոցառումները իրականացվեն մասնագետների հսկողությամբ, ճիշտ ժամանակահատվածում ու ճիշտ չափաքանակով։ Հաճախ խախտումները կապված են լինում չափաքանակների հետ, ինչպես նաև խախտում են առաջին բուժումից մինչև հաջորդ բուժման սպասման ժամկետը։ Հետևաբար անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է հետևեն մասնագետի ցուցումներին ու խորհրդներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ մասնագետի՝ թունաքիմիկատ իրենց բնույթով ու ազդեցությամբ, մթերքի մեջ իրենց կուտակումով ու մնացորդների պահպանմամբ տարբեր են լինում։ Յուրաքանչյուր մշակաբույսի համար առանձին խմբի թունաքիմիկատներ են նախատեսված և յուրաքանչյուրի դեպքում պետք է խստորեն հաշվի առնել, թե տվյալ նյութը որքան հատվածում է կորցնում իր վտանգավորությունը։

Իսկ թե ինչպե՞ս է արվում վերահսկողությունը՝ հասկանալու համար, թե գյուղոլորտի ներկայացուցիչները որքանո՞վ են ճիշտ իրականացնում տվյալ միջոցների կիրառումն ու պահում մարդու առողջության համար անհրաժեշտ անվտանգությունը, Պետրոսյանը նկատում է՝ Հայաստանում 320 հազար գյուղատնտես կա, թիվը ահռելի է, ու համապատասխան կառույցը ֆիզիկապես չի կարող ամբողջ ոլորտը հսկողության տակ պահել․

«Տվյալ ոլորտի տնտեսվարողը ինքը պետք է բարեխիղճ լինի ու պահի անվտանգության կանոնները։ Գիտակցել է պետք, որ առանց մասնագետի թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործումը ոչ միայն չի ծառայի իրական նպատակին, այլ նաև անցանկալի հետևանքներ կունենա։ Օրինակ՝ եթե ժամկետանց նյութ օգտագործվի, վնասատուները դիմադրողականություն ձեռք կբերեն այդ նյութի նկատմամբ, և դա ավելի մեծ վնասներ կառաջացնի»։

Զրուցակիցը շեշտում է, որ կան մշակաբույսեր, օրինակ՝ լոլիկը, որի դեպքում բերքահավաքն արվում է երեք օր ընդմիջումով, ուստի եթե անձը որևէ նյութ է օգտագործել բույսի աճի ու ընթացքի համար, անհրաժեշտ է, որ այդ դեպքում կատարի խորը բերքահավաք՝ դրա ընթացքում հավաքելով նաև դեռևս չհասունացած պտուղները․ «Նման կերպ հնարավոր կլինի խուսափել թունաքիմիկատի հետևանքով մարդու առողջությանը վնաս հասցվող անդառնալի հետևանքներից։

Օրինակ՝ պարարտանյութերի դեպքում է անհրաժեշտ կիրառել սահմանված չափաքանակի օգտագործումը, այլապես այն բերում է մթերքների մեջ տիրատների կուտակմանը, որը նույնպես մարդու համար վտանգավոր է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել