Ի՞նչ ճանապարհով է մարդուն փոխանցվում քոսը և ի՞նչ տեղի կունենա՝ ճիշտ բուժում չստանալու դեպքում
Ի՞նչ ճանապարհով է մարդուն փոխանցվում քոսը և ի՞նչ տեղի կունենա՝ ճիշտ բուժում չստանալու դեպքում:
Քոսի փոխանցումը տեղի է ունենում մարմնական սերտ շփման արդյունքում, երբեմն նաև վարակված հագուստի և/կամ անկողնու և անկողնային պարագաների միջոցով:
Վարակումից կարճ ժամանակ անց տզերը խրվում են մաշկի եղջրաշերտի մեջ:
Ախտորոշում՝ Կլինիկական
Հիմնական գանգատը քորն է, որն առաջանում է տզերի արտաթորանքից առաջացած գերզգայունությունից (տեղային և/կամ տարածուն): Քորի զգացումը սովորաբար արտահայտվում է վարակվելուց 2-6 շաբաթ անց:
Հաջորդ վարակման դեպքում այն վերսկսվում է 1-4 օր անց, ի հաշիվ օրգանիզմում առկա գերզգայունության:
Հետազոտումը բացահայտում է զույգերով դասավորված կետիկային կամ հանգուցիկային ցանավորում, որոնց միջև հաճախ նկատելի է քոսային ուղին:
Բնորոշ տեղերն են` ձեռքերի միջմատային ծալքերը, իրանի կողմնային մակերեսները, բազկի, արմնկային հոդի տարածիչ մակերեսները, կանանց հարպտկային շրջանները, առնանդամի և փոշտի մակերեսը:
Երեխաների մոտ ընդգրկվում է նաև դեմքը, կարող են ախտահարվել նաև ափերն ու ներբանները:
Որոշ դեպքերում քոսը կարող է բարդանալ երկրորդային պիոդերմայով:
Հետազոտում
Ցանից վերցված մաշկի քերուկի ուղղակի մանրադիտակային զննում` տզերի հայտնաբերման նպատակով:
Վարում
Այլ սեռավարակների նկատմամբ ստուգումը խրախուսվում է:
Քոսի առաջարկվող բուժման եղանակները
Բուժման եղանակի ընտրությունը պայմանավորված է ներգործության արդյունավետությամբ, տոլերանտությամբ և գնի մատչելիությամբ:
Դեղանյութերը քսել ամբողջ մարմնի մակերեսին և նշված ժամկետի ավարտից հետո ընդունել լոգանք, փոխելով հագուստը:
-5% պերմեթրին` մեկ անգամ, 8-12 ժամ տևողությամբ: 5 տարեկանից ցածր երեխաների համար` 2,5% պերմեթրին:
– 20-25% բենզիլ բենզոատի էմուլսիա` 2 օր անընդմեջ` կրկնելով 5 և 6-րդ օրը: Երեխաների համար նշանակել 10% բենզիլ բենզոատ:
– Ծծումբի 33% (երեխաներին` 10%) քսուքները արդյունավետ են, էժան և անվտանգ, սակայն աղտոտում է հագուստը: Օգտագործվում են վերոհիշյալ ձևով:
Հավելյալ տեղեկություն բուժման վերաբերյալ
– Բուժման կարգ` հիվանդները պետք է տեղեկացվեն դեղորայքի օգտագործման ձևի մասին: Մշակվում է ամբողջ մաշկը, ստորին ծնոտից ցած, ընդգրկելով բոլոր ծալքերը, շեքը, պորտը, արտաքին սեռական օրգանները և եղունգների տակը:
Երեխաների դեմքի և գլխի մաշկը նույնպես պետք է մշակել (նորածիններին վարակը կարող է փոխանցվել շփման միջոցով` կրծքով կերակրելու ժամանակ):
– Հիգիենիկ միջոցներ` բուժումն ավարտելուց հետո օգտագործել մաքուր սպիտակեղեն և հագուստ:
Վարակված հագուստը և սպիտակեղենը, հնարավորության դեպքում պետք է լվալ բարձր ջերմաստիճանի տակ կամ առանձնացնել` առնվազն 72 ժամ (դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, մարդու մարմնից առանձնացված տզերը ոչնչանում են):
Հղիություն/կրծքով կերակրում
– Պերմեթրինը, բենզիլ բենզոատը և ծծումբը անվտանգ են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:
Հսկողություն
– Հիվանդներին պետք է բացատրել, որ հնարավոր է բուժումից հետո ժամանակավորապես քորի պահպանում: Քորի մեղմացման նպատակով կարելի է կիրառել տեղային ստերոիդներ, հակահիստամինային դեղանյութեր կամ քորը մեղմացնող այլ տեղային միջոցներ: