Մոր աչքի առաջ է մահացել․ մանրամասներ՝ Ալավերդում 16-ամյա տղայի մահվան դեպքից
Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում մահացած 16-ամյա տղան առողջական խնդիրներ է ունեցել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Ալավերդի խոշորացված համայնքի Ակներ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Ծատինյանը։
Հարցին՝ դեպքը որտե՞ղ է գրանցվել, ի՞նչ հանգամանքներում, գյուղապետը պատասխանեց։
«Երեխան իր մոր աչքի առաջ է մահացել։ Հաշմանդամության խնդիր ուներ, այդ քանի օրը երևի գրիպ է տարել, գաղտնի թոքաբորբ է եղել։ Դատական բժիշկը եզրակացություն է տվել, որ մարմինը չի աճել, բայց թոքերն աճել են, անբավարարվածություն է առաջացել, չի կարողացել շնչել։
Մահացածը ընտանիքի փոքր երեխան էր, իրենից մեծ 2 քույր ունի, մեկն ամուսնացած է, երեխա ունի»,- ասաց Ակների գյուղապետը, ապա հավելեց, որ օրեր առաջ է տեղի ունեցել տղայի հուղարկավորությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալավերդի քաղաքի տներից մեկում 16-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել։