«Երազիս գալիս է շղթայված ոտքերով»․ Օֆելյան փնտրում է անհետ կորած որդուն
«Երազիս գալիս է շղթայված ոտքերով»․ Օֆելյան փնտրում է անհետ կորած որդուն
«Շուտով 4 տարի կլինի, ոչ գիշերը քուն ունեմ, ոչ ցերեկն եմ տըեղս գտնում։ Քանի-քանի անգամ է երեզիս եկել՝ ցեխոտ շորերով, շղթայված ոտքերով, հոգնած, տանջահար եղած, ասում էր «մամ Եռաբլուր չգնաս, ես այնտեղ չեմ, գալու եմ», իսկ ես հավատում եմ միայն իմ որդուն»,- MediaHub-ին իր տարիների ապրումներն է կիսում Հադրութի շրջանի Հակակու գյուղից տեղահանված Օֆելյա Աղաջանյանը։
Նրա որդին 27-ամյա որդին՝ Արա Աղաջանյանը, 2020 թվականի պատերազմից առ այսօր անհետ կորած է համարվում։ Իսկ ամուսնու եղբայրը՝ 57-ամյա Արկադի Աղաջանյանը, որ մնացել էր Հակակու գյուղում, դարձյալ ճակատագիրն անհայտ է։
«Արան 44-օրյա պատերազմի ժամանակ արձակուրդում էր։ Նա ամուսնացած է, տղա ու աղջիկ ունի։ Տանն էր, երեխաների հետ էր անցկացնում առօրյան։ Պատերազմը որ սկսվեց գնաց։ Վարորդ էր, բայց կռվի ժամանակ շտապ օգնության մեքենա էր վարում։ Նրա ընկերներն ու ծանոթներն ասել են «գիտե՞ս ինչքան վիրավորներ է հանել ռազմադաշտից, մեկին ուսի վրա էր գցում, մյուսին գրկում, հասցնում շտապ օգնության մեքենայի մոտ ու կայծակնային արագությամբ հասցնում հոսպիտալներ»,- պատմում է մայրը։
Օֆելյայի խոսքով՝ մինչև հոկտեմբերի 10-ը, իր ընտանիքը դեռ գյուղում է եղել։ Գյուղից տարհանվելուց 1 օր առաջ Արան եկել էր գյուղ, տեսակցել ընտանիքի անդամներին։ Մոր՝ իրենց հետ դուրս գալու հորդորներին բացասական է արձագանքել, ասելով «մամ, 18-20 տարեկան երեխաներ են, իրենք կռվեն ես դուրս գա՞մ, հակառակը, իմ օգնության կարիքը շատ կա, վիրավորների կյանքերը պիտի փրկենք»։
«Երբ տեղահանվեցինք գյուղից, 2 օր նրա հետ կապ չենք կարողացել հաստատել։ Այդ ժամանակ Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ անցավ թշնամու վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 12-ին զանգեց, մեզանից հարցրեց՝ «որտե՞ղ ենք, ի՞նչ վիճակում ենք», հետո ասաց՝ «մա՛մ, երեխաներին լավ կպահեք, տեղս հարմար չի, կանչում են, պիտի գնամ», դա եղավ նրա վերջին զանգը»,- ասում է տիկին Օֆելյան։
Զինադադարից հետո երբ փրկվածներն իջել են դիրքերից, Օֆելյան սկսել է հետաքրքրվել, փնտրել, թակել հավանական ու անհավանական դռները։ Նրան ասել են, որ Ֆիզուլիում զորքի հետ թշնամու դեմ մերձամարտ է վարել նաև Արան, դրան զուգահեռ, թշնամին գործի էր դրել նաև ծանր տեխնիկան։ Իրավիճակը խառն էր։ Կրակը հանդարտվելուց հետո տղաները հասկացել են, որ Արան չկա։
«Դրանից հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Այդ ուղղությամբ որոնումները կատարվել են ամիսներ շարունակ։ Փրկարարների հետ նաև տեղանքին ծանոթ մարտերին մասնակցած տղաներ են գնացել, բայց Արայից ոչ մի տեղեկություն։ Մտածում եմ գուցե գերության մեջ է»,- ասում է հերոսի մայրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում