Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են «Jeep»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա 5 վիրավոր (Տեսանյութ)
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են «Jeep»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա 5 վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Jeep» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Եղվարդ», մի մասը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներից 3-ին փրկարարները քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ են դուրս բերել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննաես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։