Ինձ մեղավոր էի զգում, սերմերը ես էի տվել Աննային
Ինձ մեղավոր էի զգում, սերմերը ես էի տվել Աննային
Հասարակական հիմունքներով Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը գրառումն է արել, որը ներկայացնում ենք ստորև
«Տիկին Աննան բարության, սիրո, ուժեղ կնոջ մարմնավորում է։ Ոչ մի կնոջ մեջ այսքան սեր, նվիրում և հոգատարություն չեմ տեսել սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ (թերթեք պատմության վերջին երեսուն տարվա էջերը)։
Վերջերս, ժողովներից մեկի ժամանակ տիկին Աննան ասաց․ «Ես չեմ ուզում հայաստանցին լինի շոր ու սնունդ տվողի, իսկ արցախցին վերցնողի դերում, նրանք բոլորը մերն են, մեր Հայաստան ընտանիքն են, և պետք է օգնենք, որ ինտեգրվեն ու կայանան, արցախցին իր տանն է․ եթե ինչ որ բան էլ տալիս եք տվեք լուռ, առանց հանրայնացնելու, օգնեք, աշխատանք գտնեն, իրենց օտար չզգան, մենք միասին պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները»:
Թե ինչեր է անում անձամբ ինքը, չեմ գրում։ Պատերազմի օրերին, երբ զինվորական համազգեստ հագավ ու գնաց Արցախ, որ ցույց տա, որ հայ մայրը, կինը, քույրը զինվորի կողքին է, չար մարդկանց կողմից թիիրախավորվեց․․․բայց չչարացավ։ Որդուն ուղարկեց սահման, որ ցույց տա, որ իր որդին ոչ մի ուրիշ մոր որդուց առավել չէ, չար մարդկանց կողմից թիրախավորվեց․․․․բայց չչարացավ։
Բլոկադայի օրերին, երբ, երբեք գյուղում չապրած առաջին տիկինը սմբուկ ու լոլիկ մշակեց, ցանկացավ ցույց տալ, որ հողը կերակրում է, որ աշխատող մարդը սոված չի մնա, կրկին թիրախավորվեց չար մարդկանց կողմից․․․․ու կրկին չչարացավ․․․ ( ի դեպ այդ օրերին, ես ինձ մեղավոր էի զգում, քանի որ սերմերը ես էի տվել, իսկ երբ առաջարկեցի գնալ, օգնել, որ միասին մշակենք, ասաց․ «Չէ մենք մեր ընտանիքով կմշակենք»)։
Մեր վերջին «Ազատ շփում տիկին Աննայի հետ» միջոցառմանը ներկա էին 100-ից ավել կին գործարարներ, ֆերմերներ, ձեռներեցներ, պաշտոնյաններ ու բոլորը հավասար էին, գեղեցիկ, բոլորը գոհ էին, շնորհակալ էին, բոլորը ժպտում էին։ Երեք օր է շնորհակալության նամակներ եմ ստանում, և բոլորիդ նամակները փոխանցում եմ տիկնոջը։
Ազգային պատկերասրահը հատուկ էր ընտրվել, որպեսզի այդ բոլոր կանայք տեսնեին, թե ինչ հրաշք որմնանկարներ է ժառանգել մեզ պատմությունը։ Դրական ու ջերմ արձագանքներից ոգևորված մենք ասում ենք, որ այս միջոցառման ֆորմատը կլինի շարունակական:
Գիտեք, որ ես երբեք ծայրահեղական չեմ եղել, ոչ էլ կուսակցական, ես Հայաստանական եմ, ես իմ երկրի տերն ու ծառան եմ։ Երբեք չեմ հասկացել մահապարտների գաղափարախոսությունը։ Դե ես սիրում եմ նոր բառեր հորինել․ գյուղադարան, սրտադարան, վերջին բառս, որ հորինել եմ ԱՊՐԱՊԱՐՏՆ Է․․․Ես պատրաստ չեմ մահանալ հանուն գաղափարի, բայց ապրել պատրաստ եմ։ Ես իմ երկրի ԱՊՐԱՊԱՐՏՆ ԵՄ, և ցանկանում եմ, որ դա դառնա յուրաքանչյուրիս համար կենսակերպ․ ապրել հանուն հայրենիքի, ապրել հանուն մեր երկրի զարգացման ու հզորացման։
Սիրելի տիկին Աննա, ներողություն եմ խնդրում այսքան նեղ անձնական հույզերս հանրայնացնելու համար, և այսպես հանրային էլ ուզում եմ հայտարարել․ ԵՍ ՁԵՐ ԱՊՐԱՊԱՐՏՆ ԵՄ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ։ Ես սիրում են Ձեզ, ու Ձեզ մի ամբողջ ժողովուրդ է սիրում: Այս նկարի նման ուզում եմ միշտ ձեռքս զգաք ձեր ուսին, զգաք իմ ու մեր ժողովրդի սերն ու սատարումը, ուզում եմ միշտ ժպտաք ու երջանիկ լինեք»,-գրել է Ստելլա Սարուխանյանը: