Մամուլ

Ավտոբուսը սղացել է, վարորդը վախեցել է՝ մի փորձանք բերի

Ավտոբուսը սղացել է, վարորդը վախեցել է՝ մի փորձանք բերի

«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ գիշերը Երեւանում տեղացած առատ ձյան պատճառով Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Ման» ավտոբուսները Նոր Նորքի 6-րդ զանգվածում չեն կարողացել շարունակել երթեւեկը, ուղեւորները ստիպված են եղել իջնել ավտոբուսներից։

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մերկասառույցն է եղել պատճառը, վարորդը վախեցել ու կանգ է առել։

«6-րդ Մասիվից դեպի 7-րդ Մասիվ գնացող ճանապարհին մի պահ մերկասառույց է եղել, ավտոբուսը սղացել է։ Վարորդը վախեցել է շարունակի, մտածել է՝ ավելի լավ է կանգնի, քան թե մի փորձանք լինի։ Ինչ մնում է նրան, որ 100 դրամները վերցրել են ու տեղ չեն հասցրել, հիշեցնեմ, որ ուղեւորները ավտոբուս բարձրանալիս անմիջապես վճարում են գումարը»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ խոսքը մեկ ավտոբուսի մասին չէ, այլ մի քանիսի, տեսանյութերում երեւում է, որ միաժամանակ մի քանի ավտոբուսներ են կանգ առել, Մանուկյանն ասաց․ «Տարբեր գծեր են եղել, երեկոյան վարորդներից ճշտել եմ, որ մերկասառույցի պատճառով են կանգնել»։

Մանուկյանը վստահեցնում է՝  բոլոր ավտոբուսների անվադողերը նոր են, առաջարկում է գալ եւ տեղում համոզվել։ Որպեսզի վարորդները կարողանային շարունակել երթեւեկը, Մանուկյանի խոսքով՝ պետք է մաքուր լինեին ճանապարհները։ Մայրաքաղաքի ճանապարհներն անանցանելի են դարձել ժամանակին աղ չցանելու պատճառով․ աղ պետք է ցանել, դեռ ձյունը չեկած։

Կիսվել էջում