«Կխանգարեք մյուսների հանգիստը» արտահայտություն չի հնչել․ «Ակվատեկ»-ի պարզաբանումը
«Կխանգարեք մյուսների հանգիստը» արտահայտություն չի հնչել․ «Ակվատեկ»-ի պարզաբանումը
«Ակվատեկ» ընկերության ղեկավարությունը հերքում է տեղեկությունը, որ իրենք արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքն իրենց մոտ, եւ ասել, որ նրանք կխանգարեն մյուսների հանգիստը։
News.am-ի հետ զրույցում «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի (ընկերության մեջ են մտնում «Ակվատեկը» եւ «Ջրաշխարհը») ղեկավար Աշխեն Մաթևոսյանը պատմեց կատարվածի իրենց տարբերակը։
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը գրել էր, որ իր հաշմանդամություն ունեցող թոռնիկին եւ եւս յոթ երեխայի «Ակվատեկ»-ում թույլ չեն տվել մուտք գործել՝ պատճառաբանելով, որ երեխաների անվասայլակները կարող են խանգարել մյուս հանգստացողներին։
«Մեզ երեկ մոտեցել են երկու երիտասարդ եւ մեկ պատանի, նրանց հետ եղել է հաշմանդություն ունեցող ութ երեխա եւ նրանց ուղեցկողները՝ 16 հոգի, սակայն նրանց մեջ եղել են երեխաներ, որոնք հենց իրենք ուշադրության կարիք կունենային ներսում։
«Ակվատեկ»-ի կառավարիչն իրենց հետ խոսել է, ներկայացրել մեր պայմանները, ջրային գոտու հնարավորությունները։ Տղան երկար զրույցից հետո հրաժարվել է՝ հասկացել է, որ տարածքը փոքր է, երեխաների համար շատ անհարմարություններ կլինեն։
Միանշանակ ասում եմ՝ «Կխանգարեք մյուսների հանգիստը» արտահայտություն չի եղել։ Միայն ասվել է՝ ձեր երեխաների համար հնարավոր է անհարմարություն ստեղծվի այսքան մարդու մեջ։ Երեխաները իրար հրում են, գնդակներով խաղում են ջրի մեջ, վտանգավոր կարող է լինել»,- նշեց Աշխեն Մաթեւոսյանը։
Մաթեւոսյանի խոսքով՝ իրենց հետ զրուցել է կազմակերպիչներից Արմենը, որն ինքն է զրույցի ընթացքում հասկացել, որ նպատակահարմար չի լինի երեխաների հանգիստն այդտեղ։
Տնօրինությունն այդ ժամանակ առաջարկել է այլընտրանքային տարբերակ՝ գնալ «Ջրաշխարհ», որտեղ պայմաններն ավելի հարմար կլինեն երեխաների համար։ Նրանք համաձայնել են, գնացել են պայմանավորվելու, սակայն պայմանավորվածությունից հետո այլեւս չեն վերադարձել։
«Արմենը շատ մեծ մարդասիրական գործ է անում, բայց ամենասկզբում պետք է ասեր՝ մի բողոքեք, ես եմ ասել, որ երեխաներն այստեղ չմնան։ Ես չեմ ժխտում, որ երեխաները, իրոք, անտեսված են, եւ իրենք ջրաշխարհի ֆոնով հանրայնացրին այդ հարցը։ Իրենց պետք էր աղմուկ։ «Ջրաշխարհ»-ն ընդունել եւ ընդունում է հաշմանդամության տարբեր կարգ ունեցող երեխաների»,- նշեց Մաթեւոսյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում