Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։40-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ղ․-ն իր վարած VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Տեղում պարզվել է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթը, Կոտայքի վարչական տարածքում է, և ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՊԾ Կոտայքի գումարտակ, որտեղից ժամանել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։
Այս պահին Կոտայքի գումարտակի պարեկներ Գոհար Սարգսյանն ու Գևորգ Թումանյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում երթևեկությունը կարգավորելու համար, նրանց օգնում են Երևանի պարեկները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն ու Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը և Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Համբարձում Հարությունյանն ու Սահակ Բաբախանյանը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։