Մամուլ

Հայ Առաքելական եկեղեցին առանց Փաշինյանի չի աղքատանա, կաղքատանան իրենք․ Աջապահյան «Հրապարակ»

Հայ Առաքելական եկեղեցին առանց Փաշինյանի չի աղքատանա, կաղքատանան իրենք․ Աջապահյան

Hraparak.am-ը գրում է․ «Հայ Առաքելական եկեղեցին առանց Փաշինյանի չի աղքատանա, կաղքատանան իրենք՝ իշխանությունները», – այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հոգևորականի խոսքով՝ եթե իշխանություններն իրենց Առաքելական եկեղեցու հետևորդ չեն համարում և չեն մասնակցում Սուրբ Ծննդյան պատարագներին արդեն մի քանի տարի, դա իրենց խնդիրն ու ընտրությունն է.

«Պատարագներին չմասնակցելը միայն իրենց է վնասում, Հայ Առաքելական եկեղեցուն չի վնասում ոչ մի ձևով: Եթե Հայ Առաքելական եկեղեցու անդամ չեն, կարող են հանգիստ չներկայանալ:

Ամեն մարդ պատարագին մասնակցում է Աստծո համար, այնպես չէ, որ հավատացյալ մարդը եկեղեցի է գնում այս կամ այն քահանայի համար:

Իրենք պետք է գային մասնակցելու Սուրբ Ծննդյան տոնին, եկեղեցին էլ կարծես իրենց դեռ չի զրկել այդ հնարավորությունից, եթե իրենք իրենց կամավոր կերպով զրկում են այդ ամենից, դա իրենց խնդիրն է», -ասում է Աջապահյանը:

«Ի՞նչ է նշանակում, թե եկեղեցուց հրավեր չենք ստացել, երբվանի՞ց է եկեղեցի գնալը հրավերով դարձել, իրենք օտա՞ր են, որքանով տեղյակ եմ՝ միայն օտարին են հրավիրում:

Իրենց կարծիքով բոլոր հավատացյալներին եկեղեցին անհատապես հրավիրո՞ւմ է: Յուրաքանչյուր հավատացյալ մարդ գիտի, որ հունվարի 5-ին Ճրագալույցի արարողությունն է՝ Սուրբ Ծնունդը»,- ասում է հոգևորականը:

Մենք Աջապահյանից հետաքրքրվեցինք, թե նախկինում ինչպե՞ս է եղել, օրինակ՝ նախկին նախագահներին եկեղեցին երբևէ անհատապես հրավիրե՞լ է, Աջապահյանն ի պատասխան մեր հարցին, ասաց․ 

«Ես տեղյակ չեմ, թե ով ում է հրավիրել, ես ինքս որևէ մեկին չեմ հրավիրել ոչ մի անգամ, չեմ էլ պատրաստվում հրավիրել:

Կարող եմ միայն օտարին հրավիրել, օրինակ՝ իտալացի, ռուս հյուպատոսներին, բայց հայերին ես չեմ պատրաստվում հրավիրել, ինչո՞ւ պետք է հրավիրեմ, իրենք հայ են», – խոսքը եզրափակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Կիսվել