Մամուլ

«Ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»․ մայրն ահազանգում է որդու հոգեբանական խնդիրների մասին

«Ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»․ մայրն ահազանգում է որդու հոգեբանական խնդիրների մասին

Forrights.am-ը գրում է․ «Մի հատ պուճուր բան է լսում ասում է՝ մամ, կրակո՞ց է»,-գերությունից վերադարձած որդու հոգեկան ապրումները մեկ նախադասությամբ այսպես է ներկայացնում մայրը։

19-ամյա զինծառայողը 20 օրից ավելի մնալով թշնամական Ադրբեջանում ֆիզիկական ու հոգեբանական անմարդկային բռնությունների է ենթարկվել ծառայակից ընկերների հետ միասին։  Ամենադաժանը զինվորների հետ վարվել են Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում։

Ծեծ՝ նստելու, քնելու, ինչ-որ տեղ հենվելու և մյուս բոլոր գործողությունների համար, եթե խախտել են թշնամու՝ անշարժ կանգնելու պահանջը։ Հայրն ու մայրը նշեցին՝ իրենց որդին երեք օր այս դաժանությունների միջով է անցել, որից հետո տեղափոխվել է բանտ։

«Ադրբեջանի ռազմականը գնացել-եկել հարվածել է գլխներին ու մեջքներին։ Պատմում էր, որ չոքացրել են ու ստիպել են շան նման քայլել, ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»,-թշնամու հակամարդկային պահելաձևից մանրամասներ են փոխանցում գերությունից վերադարձածի ծնողները և ընդգծում՝ ստիպել են հայ զինվորներին միմյանց հետ մարտի բռնվել։ Թշնամու հողում գտնվող հայ զինվորները, սակայն, միմյանց պաշտպանելու տարբերակներ են գտել։

«Տղաներին իրար հետ կռավացրել են, ընկերներին իրար դեմ են հանել, ով կրվել է՝ իրեն ծեծել են։ Տղաս ասում էր՝ պայմանավորվում էին, որ ուժեղները դիտմամբ պարտվեն, որ հարվածները իրենց բաժին հասներ»։

Գերությունից վերադարձած զինծառայողի ծնողներն ահազանգում են՝ որդին այս ամենի հետևանքով ֆիզիկական ու հոգեբանական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, իսկ հայրենիք վերադառնալուց հետո Պաշտպանության նախարարությունը նրանց ցանկանում է նորից բանակ տանել։

Անանուն մնալու պայմանով, քանի որ մտածում են իրենց տղայի խնդիրները հրապարակավ խոսելու դեպքում ավելանալու են լուծվելու փոխարեն, հայրն ու մայրը իրենց մտահոգությունն են հայտնում․ նշում են՝ տղան ընկճված է, զորամասում միջանձնային խնդիրներ կարող են առաջանալ և կանխատեսում են վատագույնը։

«Վերադառնալուց հետո շատ ընկճված, վախեցած է, չէր կողմնորոշվում՝ ինչ է կատարվում, շատ ուրախացել էր, որ մեզ է տեսել, ասում էր՝ ես նոր ծնվել եմ։ Պինդ է եղել, կարողացել է դիմադրել, բայց վախն ու ընկճվածությունը չեն անցնում։

Տուն էր եկել, բայց մեկուսացած էր, չէր շփվում մեզ հետ, անընդհատ մտքերով է։ Խոսում ենք իր հետ, բայց չի արձագանքում, ցրված է, մոռացկոտ է դարձել։ Ուղարկում ենք խանութ, որ մի քիչ ցրվի, մի քանի անգամ զանգում հարցնում է, թե ինչ է առնելու»,-ասացին ծնողները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել