Զինվորյալ հոգևորականը՝ լուսահոգի Նարեկ սարկավագ Պետրոսյանը
Զինվորյալ հոգևորականը՝ լուսահոգի Նարեկ սարկավագ Պետրոսյանը
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Hayzinvor.am-ի նյութով, որում տեղադրել է Նարեկ սարկավագ Պետրոսյանի լուսանկարը․
Զինվորյալ հոգևորականը՝ լուսահոգի Նարեկ սարկավագ Պետրոսյանը.
«Նա նահատակվեց հայրենիքի պաշտպանության, սրբավայրերի պահպանության համար մղված մարտերում»:
Խոր աշնանային մի առավոտ էր, եղանակը ամպամած էր, մեղմ քամի էր փչում: Զինվորը բլուրների մեջտեղում տեղակայված զորամասի շարահրապարակի դիմացի կառույցում էր, որը զորամասի շտաբն էր:
Այն ուներ կիսաշրջանաձև պատշգամբ, որտեղից երևում էր ամբողջ զորամասը: Այդ օրը, սովորականի պես, զինվորը պատշգամբում էր՝ հերթական անգամ խորասուզվելով մտքերի մեջ, փնտրտուքի մեջ էր՝ հասկանալու համար մարդու առաքելությունն այս աշխարհում:
Այդ պահին շարահրապարակի մեջտեղով արագ քայլերով զինվորների միջով անցնում էր սևազգեստ մի երիտասարդ՝ հայացքը վեր հառած: Կատարվեց մի մեծ հրաշք: Ի հեճուկս ֆիզիկայի կանոնների, որ սև գույնը լույսի կլանիչ է, այդ սևազգեստ երիտասարդից լույս էր ճառագում…
Օրերից մի օր, երբ զինվորն իր ծառայությունն էր իրականացնում շտաբի սենյակներից մեկում, բացվեց սենյակի դուռը, և ներս մտավ նույն սևազգեստ երիտասարդը՝ լայն ժպիտը դեմքին և ողջունելով ներկայացավ, որ այդ զորամասի գնդերեցն է:
Այդ պահից սկսվեց զինվորի և գնդերեցի մտերմությունը: Տարիներ անց գնդերեցը մկրտելով զինվորին՝ դարձավ նրա կնքահայրը, ստանձնելով նրա հոգևոր խնամքը:
Լուսավոր գնդերեցը՝ Նարեկ սարկավագ Պետրոսյանը, Աստծուց տրված բացառիկ շնորհ ուներ՝ իրենից ճառագող լույսի շողերով ներթափանցում էր դիմացինի հոգու խորքերը և ցրելով այդ հոգում տիրած խավարը, ճանապարհ էր հարթում դեպի Աստծո թագավորություն: Բացառիկ սեր էր տածում զինվորական համազգեստ կրող մարդկանց նկատմամբ:
Տարիներ անց երկրում պատերազմ սկսվեց: Լուսավոր գնդերեցն առանց վայրկյան իսկ երերալու մեկնեց ռազմաճակատ՝ այդքան սիրելի զինվորների և սպաների կողքին լինելու՝ իր խաչով, զենքով, աղոթքով ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի Քրիստոսի զինվորը:
Նա նահատակվեց հայրենիքի պաշտպանության, սրբավայրերի պահպանության համար մղված մարտերում:
Հետագա վկայություններից պարզվել է, որ լուսավոր գնդերեցից ճառագող լույսի շողերով բազում հոգիներ նորոգվել և գտել են դեպի հավիտենություն տանող ճանապարհը:
Արամ Տոնոյան