Մամուլ

Ովքե՞ր են պայքարում ՊԵԿ-ում Շուշանիկի տեղը զբաղեցնելու համար

Ովքե՞ր են պայքարում ՊԵԿ-ում Շուշանիկի տեղը զբաղեցնելու համար

Hraparak.am-ը գրում է․ Այսօր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա համակարգում էր մաքսային ոլորտը։ Պատճառը, ըստ տարածված տեղեկությունների, նրա և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի միջև եղած կոնֆլիկտն է եղել: 

Նրանց հարաբերությունների լարվածության և մոտալուտ ազատման մասին մենք պարբերաբար լուրեր էինք ստանում, սակայն Շուշանիկ Ներսիսյանը համառորեն հերքում էր դրանք։ Մեզ ասում էին, որ նրան Փաշինյանի կինը՝ Շուշանիկի ընկերուհի Աննա Հակոբյանն է պահում պաշտոնին։ 

Ու դեռ ՊԵԿ նախագահի տեղակալի աթոռը չազատված՝ արդեն թեժ մրցակցություն է սկսվել այդ պաշտոնի համար։ Մեզ ասացին, որ թեկնածուները մի քանիսն են, ամեն մեկը ցանկանում է իր ուզած մարդուն բրթել առաջ ու նստեցնել Շուշանիկի տեղը, քանի որ ՊԵԿ նախագահի՝ մաքսային ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը ամենայուղոտ պաշտոններից է, և չի կարելի այդ շանսը ձեռքից բաց թողնել։ 

shushanik nersisyan

Մեզ ասացին, որ այս պաշտոնի վրա աչք ունեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, նախկինում ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, որը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, և որի համար հենց աներն է փորձում բարեխոսել Փաշինյանի մոտ, նախկինում իմքայլական պատգամավոր, այժմ ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանը, նախկինում ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 6 բաժնի պետի տեղակալ, այժմ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի անունն էլ է քննարկվում, որը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, նաև մի անհայտ դեմքի անուն է շրջանառվում՝ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Շավարշ Գրիգորյանի, որը 2021 թ․ հոկտեմբերին նշանակվել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խորհրդականի պաշտոնում։ Նրան էլ, հավանաբար, Բադասյանն է ուզում առաջ բրթել։

Մեզ ասացին, սակայն, որ հիմնական պայքարը Երջանիկ Հակոբյանի և Սուրեն Ղամբարյանի միջև է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել