Մամուլ

Կրակոցներ՝ Լոռու մարզում. 28-ամյա երիտասարդը մահացել է, կա 1 վիրավոր

Կրակոցներ՝ Լոռու մարզում. 28-ամյա երիտասարդը մահացել է, կա 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Բորիս Վանյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին Ս. Դավոյանի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ հունիսի 6-ին, ժամը 23։30-ի սահմաններում Դ. Վանյանը վիճաբանել է Ս. Դավոյանի հետ, որի ժամանակ ատրճանակից 3 անգամ կրակել է Ս. Դավոյանի որովայնին՝ պատճառելով նշված վնասվածքները, իսկ վիճաբանության ժամանակ Ս. Դավոյանը դանակով հարվածել է Դ. Վանյանին։

krakocner yerevan

Լոռու մարզի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քաղաքացի դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունի և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ վերջինս հայտնել է, որ հունիսի 6-ին, ժամը 22։00-ի սահմաններում իր ընկերոջ հետ տուն վերադառնալիս ճանապարհին նկատել են Ս. Դավոյանին, փորձել են օգնել նրան և տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորը իրենց հայտնել է, որ իր վրա կրակել է ոմն Բորիսիկը։ Նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք հարցականով, ձախ ուսահոդի կտրած վերք, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բ. Վանյանը։

Վերջինս հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում և որտեղ է նշված վնասվածքները ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ առավոտյան, ժամը 06։00-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Ս. Դավոյանը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո տեղում Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործէ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կիսվել