Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ
Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում պետք է արձագանքել մի շարք հարցերի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ու անդրադարձել այդ հարցերին:
«Հարց – Ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար:
Պատասխան – Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա:
Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երեւացել ու չէր կարող երեւալ:
Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց:
Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրը անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել եւ չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել:

Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել եւ պարզել ինչ է տեղի ունեցել:
Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց:
Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին եւ իրավապահներին:
Հարց – ՃՈ աշխատողները չէին կարող չնկատել վթարը և ինչու՞ նրանք չեն կանգնել օգնություն ցուցաբերելու:
Պատասխան – ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթեւեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաեւ հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն:

Նաեւ նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում:
Հարց – Ինչու վարչապետը ցավակցություն չի հայտնել վրաերթի կապակցությամբ:
Պատասխան – Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն»:
Նշենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՃՈ սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 29-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: