ՄամուլՇոու-բիզնես

Արկադի Դումիկյանը` ՔՊ-ի սիրելի փիառշչիկի դերում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առջեւում ՏԻՄ ընտրություններ են․ մեկը՝ հոկտեմբերի 25-ին, մյուսը նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 13-ին: Ինչպես համապետական ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա իշխանությունը կրկին կիրառում է նույն քարոզչական հնարքները, մասնավորապես հանրությանը ժամանցային միջոցառումներով գրավելու փորձերը։ Վերջին տարիներին երկրով մեկ ամենուր համերգներ, փառատոներ, սպորտային ու զվարճանքային միջոցառումներ են կազմակերպվում, իսկ նախընտրական փուլերում՝ առավելապես հայտնի երգիչների մասնակցությամբ համերգներ, որոնք պետության բյուջեից կամ համայնքային միջոցներից զգալի ֆինանսական հատկացումների միջոցով են իրականացվում։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 23-ին, նախատեսվում է նման միջոցառում անցկացնել նաեւ Ծաղկաձորում։ Այդ օրը տեղի կունենա Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական բացումը, որի շրջանակում սպասվում է հայտնի երգիչ Արկադի Դումիկյանի անվճար մենահամերգը։ Համերգի անցկացման ժամանակահատվածն ուշագրավ է․ հոկտեմբերի 24-ը նախընտրական լռության օրն է, իսկ հոկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 08։00-ից կբացվեն ընտրատեղամասերը։ Այսպիսով, հայտնի երգչի մասնակցությամբ համերգը նախատեսվում է անցկացնել ընտրություններից ընդամենը 48 ժամ առաջ։

Ծաղկաձորի միջոցառումը վերջին շրջանում Արկադի Դումիկյանի՝ Հայաստանում նախատեսված կամ արդեն կայացած անվճար մենահամերգների շարքում երրորդն է։ Նախորդ երկու համերգները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Մասիսում, եւ հոկտեմբերի 17-ին՝ Արտաշատում։ Հատկանշական է, որ այս բոլոր միջոցառումներն անցկացվել են ՏԻՄ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում։ Ընդ որում, լսողների համար այդ համերգներն անվճար են, բայց երգչի կողմից բարեգործություն չեն:

Մեր տեղեկություններով՝ յուրաքանչյուր համերգի համար Արկադի Դումիկյանին վճարում են 38-40 միլիոն դրամ։ Ստացվում է՝ երեք համերգի համար վճարվող ընդհանուր գումարը կազմում է մոտ 114-120 միլիոն դրամ։ Վատ գումար չէ` երեք համերգի դիմաց: Իհարկե, գումարը վճարում են տարբեր մարդիկ ու կազմակերպություններ, բայց փիառ հետեւանքը քաղում է տվյալ համայնքային իշխանությունը:

ՔՊ-ական իշխանությունը նման գործելաոճի էր դիմում նաեւ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, երբ տարբեր առիթներով կազմակերպվում էին փառատոներ, համերգներ եւ ժամանցային միջոցառումներ։ Այս ուրախ երգուպարն էլ ընտրողներին ստիպում է գնալ եւ ձայն տալ այդ ուրախ կյանքն իրենց պարգեւող կենտրոնական կամ համայնքային իշխանություններին:

Հատկանշական է, որ Գյումրիում Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող միջոցառման Գյումրիի տոնի ժամանակ Անետտա Աղաբեկյանի ելույթը լայն քննադատությունների առարկա էր դարձել իշխանական որոշ շրջանակների կողմից, նրանց գնահատմամբ դա Կարապետյանի կողմից PR-ի փորձ է, մինչդեռ պետք է փաստել, որ Գյումրիում նախորդ տարի է ընտրություն տեղի ունեցել, եւ այս համերգը նախընտրական քարոզարշավի մաս դիտարկել հնարավոր չէ, ինչը չենք կարող ասել իշխանության կազմակերպած այս փարթիների շքերթի մասին»։

Կիսվեք ձեր էջում