Արտակարգ դեպք Հրազդանում. հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները շենքի նկուղից հեռացրել են կասկածելի պայուսակ
Արտակարգ դեպք Հրազդանում. հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները շենքի նկուղից հեռացրել են կասկածելի պայուսակ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:
Փրկարարները ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետի և ոստիկանության Հարզդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Խանդիլյանի գլխավորությամբ Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված:
Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: