Հայ-թուրքական «փոխհրաձգություն»․ Ինչու է հապաղում Թուրքիան
Հայ-թուրքական «փոխհրաձգություն»․ Ինչու է հապաղում Թուրքիան
lragir.am-ը գրում է. «Երևանը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունը, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Վիեննայում։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստանը առաջին փուլով Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, սակայն թուրքական կողմը դանդաղ է արձագանքում։
Ինչի՞ է սպասում Թուրքիան և ինչո՞ւ է հապաղում. ՀՀ ԱԳՆ-ն կշտամբել է Թուրքիային, որն ամեն շաբաթ հայտարարություններ է անում հայ-թուրքական գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու մասին, հակադարձելով երկկողմ հարաբերություններում խիզախ լինելու վերաբերյալ թուրքական հորդորին։
Թուրքիան գոհ էր Բրյուսելի համաձայնագրից՝ խաղաղության պայմանագրի կնքման և սահմանազատման շուրջ երկկողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Մինչ այդ Թուրքիան հայտարարել էր, որ հայ-թուրքական բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Դրանից հետո Փաշինյանն իր հայտնի ելույթն ունեցավ խորհրդարանում։
Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը, որը շահագրգռված է Թուրքիայի հետ սահմանների բացմամբ, բանակցությունները շարունակելու համար սկսել է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» գործընթացը։
Փաշինյանը հույս ունի, որ գործընթացի մեկնարկը և զիջումների պատրաստակամության մասին հայտարարությունները բավակա՞ն կլինեն, որպեսզի հայ-թուրքական կարգավորման գործընթացը «չլճանա»։
Այն, որ Թուրքիան «ձգձգում է» սահմանների բացումը, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ավելի առարկայական քայլեր է պահանջում, և ինչ-որ պահի Անկարան Բաքվի և Մոսկվայի հետ միասին կարող է «շրջել տախտակը» և ստիպել Փաշինյանին գնալ անդառնալի զիջումների»։