«Մենք մենակ մնացինք». Զելենսկին հայտնել է զոհերի և վիրավորների թիվը
«Մենք մենակ մնացինք». Զելենսկին հայտնել է զոհերի և վիրավորների թիվը
Ռուսաստանը երկրորդ օրն անընդմեջ հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի խաղաղ քաղաքներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում, հաղորդում է УНИАН-ը։
Նախագահի խոսքով՝ ռուսները չեն տարբերում՝ ինչ ուղղությամբ գործել, եւ հարվածի տակ են հայտնվում ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաեւ բնակելի շենքերը։
«Այս հարձակման նպատակը մեզ վրա ճնշում գործադրելն է, հարգելի՛ քաղաքացիներ։ Ճնշում մեր հասարակության վրա։ Ես շեշտում եմ՝ ճնշում ոչ թե պարզապես իշխանության, այլ բոլոր ուկրաինացիների վրա։ Եվ այսօր ավելի շատ, քան երեկ։
Մեր տղաներն ու աղջիկները, Ուկրաինայի բոլոր պաշտպաններն առաջին օրվանից թշնամուն թույլ չեն տվել իրականացնել ներխուժման օպերատիվ ծրագիրը»,- ասել է Զելենսկին։
Նախագահն ընդգծել է, որ շատ ուղղություններով թշնամու հարձակում կանխվել է, մարտեր են ընթանում։ Զելենսկին նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը պաշտպանում են երկինքը, սակայն թշնամու ավիացիան նենգաբար գործում է բնակելի թաղամասերում, մասնավորապես՝ Կիեւում։
«Մենք միայնակ ենք պաշտպանում մեր պետությունը։ Աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետեւում են։ Երեկվա պատժամիջոցները համոզեցի՞ն Ռուսաստանին։ Դա բավարար չէ»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին բոլոր ուկրաինացիներին կոչ է արել մոբիլիզացվել ու օգնել միմյանց ու բանակին։
«Ուկրաինացիների ճակատագիրը կախված է միայն մեզնից։ Մեզնից բացի ուրիշ ոչ ոք չի ղեկավարի մեր կյանքը: Մենք մեր հողի վրա ենք, ճշմարտությունը մեզ է պատկանում։ Մեզ ոչնչացնել չի ստացվի։ «Կալիբր» հրթիռներն անզոր են մեր ազատության դեմ»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու երկխոսել իրենց հետ։ «Որքան շուտ սկսվի երկխոսությունը, այնքան քիչ կլինեն կորուստները հենց Ռուսաստանի համար»,- նշել է Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 24-ին ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 137 զինվոր, ևս 316-ը վիրավոր է։