Մամուլ

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի ընկերը

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի ընկերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է  մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները  պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

krakocner

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից: Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:

Դեպքի վայր ժամանած Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով Մալաթիայի քննչական բաժնում քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է քննչական խումբ:

Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են դրական, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց:

Վիրավորը նաև քրեական աշխարհում հայտնի, վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ) ընկերն է: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը:

Կիսվել