Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները մնացել են ճանապարհին
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները մնացել են ճանապարհին
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան գրեթե 3 ժամից ավելի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 193-րդ կմ հատվածում՝ Արարատի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող ավտոճանապարհի Ելփինի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել:
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել: Առավոտը ժամը 9:30-ից մոտ 3 ժամից ավելի բարձիթողի վիճակ էր տիրում:
Եղեգնաձորի ճանշինի պատասխանատուները ասես արջի քուն մտած լինեն: Հետաքրքիր է, եթե տենդերը շահել եք ու պետության ու ժողովրդի առաջ պարտավորվել եք աշխատանքները կատարել առանց թերությունների, այդ դեպքում՝ ինչու է նման քաոսային վիճակ տիրում:
Ո՞վ է տեսել՝ 3 ժամից ավելի սպասենք, թե պետք է Եղեգնաձորի ճանշինը իրենց ղեկավարի հետ բարեհաճեն ու մաքրեն ճանապարհը մերկասառույցից, մշակման աշխատանքներ կատարեն:
Ոչ մի գրամ աղ ու ավազ լցված չի: Բարոյական օգնություն ստացել ենք միայն Եղեգնաձորի հրշեջներից ու ճանապարհային ոստիկաններից: Հիմա, եթե շտապօգնության կանչ լինի, չգիտենք, թե սկոռիները երբ կհասնեն հիվանդին:
Ու դրա մեղավորն ու պատասխանատուն Եղեգնաձորի ճանշինն է, իրենց ղեկավարի՝ Ռաֆայել Գրիգորյանի գլխավորությամբ:
Հիմա, եթե Ռ. Գրիգորյանը այստեղ լիներ, նրա ճակատին կասեինք՝ իզուր չի ժողովուրդը ասում՝ կարմիր կովը իր կաշին չի փոխի, խևին խրատն ինչ կանի, սևին՝ սապոնը կամ մի խելառ քարը գցում է, հարյուր խելոք չեն կարողանում այն դուրս բերել:
Հիմա էս մեր հարյուր խելոքներով չգիտենք՝ երբ կբարեհաճի ճանշինը, որ սկսեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ:
Խոսում են քաղաքակիրթ ու եվրոպական երկրներից: Էնտեղ եթե էսպիսի բարձիթողի վիճակ լիներ, ապա ճանշինի ղեկավարը մի կլորիկ գումար կմուծեր աշխատանքները թերի կատարելու համար, անհրաժեշտության դեպքում էլ՝ կազատվեր աշխատանքից: