Փաշինյանից ավելի հայրենասեր մեկին չեմ պատկերացնում. նրա քայլերը երբեք անհավասարակշիռ չեն եղել. ՔՊ պատգամավոր
Փաշինյանից ավելի հայրենասեր մեկին չեմ պատկերացնում. նրա քայլերը երբեք անհավասարակշիռ չեն եղել. ՔՊ պատգամավոր
Փաշինյանից ավելի հայրենասեր մեկին չեմ պատկերացնում: Նման կարծիք Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուս Մանավազյանը:
Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Անկախության 30 ամյակի առթիվ պետական աշխատողներին կրկին պարգևավճարներ են տրվում։ Խորհրդարանական մեծամասնությանը քննադատում են երկրի համար ծանր այս պահին բյուջեից գումարներ ստանալու համար։ Ընդդիմությունը հայտարարեց դրանցից հրաժարվելու մասին…
Շատ կներեք, ինչպե՞ս են հրաժարվել, կա՞ որևէ ապացույց։
Հայտարարում են, որ այդ գումարներն ուղղվելու են սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ՝ Վանեցյանը հրապարակել էր կտրոնը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար փոխանցելու մասին, հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքը։
Ես այդ գումարներից հրաժարվելը պատկերացնում եմ այսպես․ նրանք գնալու են Ազգային ժողովի հաշվապահություն, ԱԺ նախագահին անձամբ դիմում են գրելու և այդ գումարները իրենց հաշվից վերադարձնելու են ԱԺ ֆինանսական բաժնի հաշվին։ Կարող են դիմում գրել և ընդհանրապես հրաժարվել դրանից։ Թող ի սկզբանե գրեին ու հրաժարվեին, և նրանց հաշվին գումար չէր փոխանցվի։
Ֆինանսները ուղղելը այս կամ այն տեղ, այս կամ այն ծրագրին, ոչ մի տեղ չի երևում։ Ես կարող եմ դա համարել ընդամենը հայտարարություն։
Դուք ապացույցնե՞ր եք ուզում։
Դե, դրանք ընդամենը հայտարարություններ են։ Վանեցյանը հրապարակեց, հասկացանք, իսկ մյուսնե՞րը։
Հնարավոր չէ՞ր այս փուլում հրաժարվել այդ պարգևավճարներից կամ դրանք ուղղել այլ՝ առաջնային ծրագրերի իրականացմանը։
Նայեք, մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում՝ ես, ունենք ու կատաում ենք նույնչափ ներդրում մեզ դիմած քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման հարցում։Նրանց թվում են նաև զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ։ Բայց այդ մասին ընդհանրապես չենք բարձրաձայնում։ Օրինակ, ես ինքս երբեք ու երբևէ չեմ հրապարակի այդ մասին որևէ տեղեկություն։ Ինչպե՞ս է հնարավոր ես հայտարարեմ, որ իմ ստացած գումարը տարել ու տվել եմ այս կամ այն վիրավոր զինծառայողին, կամ խնդիր ունեցող որևէ քաղաքացու։ Դա ես համարում եմ ոչ կոռեկտ։ Հաստատ իմացեք՝ մեզանից յուրաքանչյուրը ունի այդ ներդրումը։
Թող մարդիկ իրենք գնահատեն քաղաքական գործիչների գործունեությունը, ես չէ, որ պետք է հայտարարեմ այդ մասին։
Դուք, որպես տնտեսական խնդիրներով զբաղվող պատգամավոր, ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի կարգավորումը, պե՞տք է ընդհանուր աշխատավարձերը ավելանան, թե՞ այսպես պետք է շարունակվի։
Դա ընդհանուր քաղաքականության փոփոխություն է ենթադրում, և կառավարությունը, կարծում եմ, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Սպասենք, գուցե կարգավորում լինի։ Ամբողջ պետական համակարգը ստանում է, ունի պարգևատրում՝ մաքրուհուց, առաջատար մասնագետից սկսած ստանում են այդ պարգևավճարը, բայց մամուլում շատ հետաքրքիր ձևով թիրախ ենդառնում միայն պատգամավորները։
Բայց պատգամավորներից բացի, Ազգային ժողովի ամբողջ աշխատակազմն է ստանում այդ պարգևավճարը։ Ինչո՞ւ է միայն պատգամավորների ստացածը հետաքրքրում մարդկանց, ինչո՞ւ, օրինակ, առաջատար մասնագետին չեն հարցնում նրա ստացած պարգևավճարի մասին․․․ Մենք չունենք բիզնեսներ, մենք սովորական մարդիկ ենք, աշխատում ենք համակարգում։;
Դուք, ի դեպ, կատարել եք «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ Եղել եք ՍՊԸ-ի տնօրեն, և Ձեր հայտարարագրում մի քանի միլիոնի հասնող գումարի մասին է նշված․․․
Ես այդ ընկերությունում աշխատել եմ տնօրեն և Ազգային ժողով գալուց առաջ բոլոր աշխատավայրերիցս ազատման դիմում եմ գրել։ Ես անտեղ ոչ հիմնադիր եմ, ոչ բաժնեմաս ունեմ։ Ոչ մի բան։ Ես ուղղակի աշխատող եմ եղել ու ստացել եմ աշխատավարձ։
Տիկին Մանավազյան, Ձեր կենսագրությունից երևում է, որ գործունյա կին։ Ինչո՞ւ որոշեցիք փոխել գործունեությունը և գալ խորհրդարան։
Ես քաղաքականության մեջ եմ 2017 թվականից, «Ելք» դաշինքի կազմում եղել եմ պատգամավորության թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով՝ 6-րդ ընտրատարածքում։ 2018-ին «Իմ քայլի» ցուցակում էի։ Այս անգամ ևս փորձեցի։ 15 տարի աշխատել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում, նախ՝ ֆինանսական մասի պատասխանատու, հետո՝ տնօրեն։ Որոշում կայացնելը մեկ օրում չի եղել, այլ՝ տարիների ընթացքում։
Դուք Նիկոլ Փաշինյանին մերձավոր անձանցից եք և, հավանաբար, իրեն լավ եք ճանաչում։
Այո, արդեն 15 տարի։
Նրա մասին հակասական կարծիքներ են շրջանառվում, օրինակ, ընդդիմախոսներն ասում են, որ նա չի հարգում իր իսկ խոսքը, հետևողական չէ․ ասում է մի բան, անում՝ մեկ այլ բան։ Նրան լավ ճանաչելով՝ ի՞նչ կասեք այդ մասին։
Նման հայտարարություններ անելու համար բացարձակ հիմքեր չկան։ Ես Փաշինյանին ճանաչում եմ որպես բավականին հավասարակշռված, խելացի, հայրենասեր մարդ։
Նրանից հայրենասեր մեկին ես չեմ էլ պատկերացնում, ինչ-որ պահի իմ հայրենասիրական մղումների վրա գուցե կասկածեմ, բայց նրա հայրենասիրության վրա չեմ կասկածի։
Ընդդիմախոսները միգուցե չեն շփվել, չեն աշխատել նրա հետ, չեն ճանաչել, չգիտեն նրան ընդհանրապես։ Նրան ճանաչելով երբեք նման որակում հնարավոր չէ տալ։
Տիկին Մանավազյան, ասացիք Փաշինյանը հավասարակշռված անձ է, բայց մենք հաճախ հակառակն ենք տեսնում։
Էմոցիոնալ ֆոնի վրա միգուցե նկատած կլինեք, բայց իրականում ինքը, նրա քայլերը երբեք անհավասարակշիռչեն եղել։
Լավ, Ձեր ծրագրերի մասին․ ի՞նչ եք անելու խորհրդարանում, ունե՞ք նախագծեր, փոփոխություններ, որոնցով զբաղվելու եք։
Այս պահին հստակ չեմ կարող ասել, իմ անելիքները ցույց կտա ժամանակը։ Ընդգրկվել եմ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, հետաքրքրված եմ այլ հանձնաժողովների աշխատանքներով ևս, կմասնակցեմ Տարածքային և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նիստերին, տնտեսական հանձնաժողովի նիստերին։ Չնայած ընտրական ցուցակը համամասնական էր, բայց նախատեսել եմ պարբերական հանդիպումներ ունենալ Արմավիրի մարզի բնակիչների հետ։