Մամուլ

Իշխանությունները պատրաստ են Աղվան Հովսեփյանին գործարք առաջարկել. «Ժողովուրդ»

Իշխանությունները պատրաստ են Աղվան Հովսեփյանին գործարք առաջարկել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները պատրաստ են, այսպես ասած, գործարքի գնալ եւ ազատ արձակել Հովսեփյանին, եթե վերջինս քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի եւ վերադարձնի պետական բյուջե:

Այդ դեպքում չի բացառվում, որ նրա խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով: Ստացվում է՝ գումար՝ ազատության դիմաց: Ամեն դեպքում, իրավապահ համակարգում այս տարբերակն այժմ ամենաքննարկվողն է:

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով:

Աղվան Հովսեփյան

Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շանթի Յուրայի մտերիմներից մեկն ասաց, որ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված գործարար, Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանն արդեն Հայաստանում չէ՝ նշելով, որ ավելին ասել չի կարող:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել