Մամուլ

Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ պետական սահմանը և կրակահերթեր արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ պետական սահմանը և կրակահերթեր արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ

Թշնամու ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունեալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը: 

Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

verin shorja sahman

ԱՀ ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածի 2-րդ մասի,  300.2-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով:  Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնին:

Հ.Գ. ՀՀ ՊՆ-ն հայտնել էր այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Մ. Հովհաննիսյանի՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերման մասին:
Այս ցավալի դեպքի կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկա փուլում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի բոլոր անհրաժեշտ գործողությունները: 

Դեպքը տեղի չի ունեցել Գեղարքունիքի մարզում, ինչպես ներկայացվում է առանձին լրատվամիջոցներում: 

Կիսվել