Իմ որդին միակ գեներալի որդին է, որ այս պատերազմի ժամանակ վիրավորվել է
Իմ որդին միակ գեներալի որդին է, որ այս պատերազմի ժամանակ վիրավորվել է
Hraparak.am-ը գրում է․ Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելու ամբողջ մեղքը անամոթաբար նախկինների ու գեներալիտետի վրա բարդելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ խորհրդարանում նաև առանձին դրվագներով էր մեղադրանքներ հնչեցնում այս կամ այն զինվորականի, նախկին պաշտոնյաների ուղղությամբ, թե ում մեղքով են, օրինակ, ձախողել Լելե Թեփեն հետ բերելու օպերացիան։
Երեկ Փաշինյանը այդ ամենի պատասխանատվությունը ուղղակիորեն բարդեց գեներալների վրա, նաև ուղղակի ակնարկներ արեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։
«Օպերացիան սկսել է, և մի քանի ժամ չհաջող իրագործվել է, և չի իրագործվել էն պատճառով, որ տանկային միավորումներից մեկը իր անելիքի մի մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Հիմա, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ։ Հիմա էդ միավորումը, որի հրամանատարն ա եղել, էսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները։
Հիմա ես չգիտեմ, էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք, կարող ա 17-ը հենց իրանա զանգել, ասել ա՝ էդ ի՞նչ ես անում, ըտեղ չի քո թշնամին, Երևանում ա, էդ օպերացիան թարգեք եկեք կառավարության շենք։ Կարո՞ղ ա նորահայտ ընդդիմադիր գործիչը ինքն ա զանգել որդուն, իրան էլ զանգել ա իրա քաղաքական հայրը , ասել ա՝ ձեր հակառակորդը էնտեղ չի, տանկերը պտտեք դեպի Երևան։ Կպարզենք»,-դեմագոգիկ ձևով մանիպուլացրեց Նիկոլ Փաշինյանը։
Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում նախ տարակուսանք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը խոսել է ամեն ինչից, բացի կառավարության ծրագրի 2020 թվականի զեկույցը ներկայացնելուց, ինչի համար նա եկել էր խորհրդարարան։ Ապա նկատեց, որ նա հերթական անգամ արդարացման, հերյուրանքներ տարածելու և ոչ ճիշտ ինֆորմացիա հրապարակելու մասին խոսքեր էր հղում ԱԺ ամբիոնից, քանզի նա, իրականում, չի տիրապետում իրավիճակին։
Անդրադառնալով իրեն և իր որդուն ուղղված ակնարկ-մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ պետությանը, և որ ինձ ասում է՝ նորահայտ ընդդիմադիրը, ընդդիմություն ասելով՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է հասկանա իրեն և իր կողմից կառավարող համակարգը։ Իրենք են ընդդիմություն մեր պետությանը, իրենք են ընդդիմություն մեր բոլոր արժեքներին։
Թող ինքը դրա մասին մտածի։ Իսկ ինչ վերաբերում է իմ որդուն ուղղված ակնարկներին, իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի և Արցախի հանրապետություններին։ Ես երբևիցե իրեն չեմ օգնել առաջխաղացման այդ աստիճաններում։ Ինչի հասել էլ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։
Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախևառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։ Այդ երկու միավորումներն էլ իրենց առջև խնդիրները հիմնականում կատարել են, բայց, քանի որ համակողմանի ապահովում և մինչև վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։
Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, ես ասեմ, որ իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այն խնդրի վերջնական կետին իր ստորաբաժաումներով։ Թե որքա՞ն չեն հասել, ի՞նչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն և պարզեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ վաղվա «Հրապարակ» թերթի համարում