«Բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեմ»․ Սարգիս Գրիգորյան
«Բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեմ»․ Սարգիս Գրիգորյան
Tert.am Life-ը գրում է․ Այս շրջանում ԱՄՆ-ում գտնվող դերասան Սարգիս Գրիգորյանը նկարահանվում է «Սոսի Լոսը» 24 մասանոց նոր սիթքոմում։ Դերասանը նախկինում այս ձևաչափում չի ներկայացել՝ չհաշված էպիզոդային դերերը սիթքոմերում։
Tert.am Life-ը Սարգսի հետ զրուցել է ինչպես նոր ձևաչափում ներկայանալու, այնպես էլ այս շրջանում ԱՄՆ-ում ապրելու։ Դերասանն առաջին անգամ բարձրաձայնել է նաև առողջական խնդիրների մասին։
Նոր աշխատանքը Սարգսի համար փոփոխություն է, բայց դրան գնացել է առանց մտավախության՝ ներքին մղումով․ «Ես ուզում եմ իմ գործով զբաղվել։ Այս ծանրության ու դժվարության մեջ մի քիչ թեթևություն, փոփոխություն էր պետք, մտածեցի՝ ինչու ոչ, փորձեմ։ Ես ուզում էի թեթև բանի մեջ նկարահանվել, ինձ մոտ միշտ ծանր, ողբերգական, դրամատիկ դերեր են եղել։
Հիմա ցանկանում եմ թեթևություն տեսնել՝ չնայած հենց իմ կերպարը կատակերգական չէ։ Խաղում եմ իրավաբանի դեր, հումորային իրավիճակներ են լինում, որոնցում ես հայտնվում եմ»։
Միջավայրի փոփոխությունը, ըստ Սարգսի, բարդ չի տրվել, ասում է՝ պիտի ընտելանաս նոր միջավայրին, միաժամանակ, հակադարձում է խոսակցություններին, թե ինքն արտագաղթել է։
«Ես նպատակ ունեի 40 տարեկանից հետո ամբողջ կյանքս ճամփորդել, որովհետև մարդու կյանքում միակ մնացող բանը ճամփորդությունները, նոր մշակույթներն են։ Իմ նպատակներն ակամայից կատարվում են։ Հիմա այստեղ եմ, վաղը կարող եմ լինել Ֆրանսիայում, բայց իմ հայրենիքն ու տունը Հայաստանն են։ Երբ ասում են՝ Սարգիսը գնացել է Հայաստանից, այդպես չէ։
Հազարավոր մարդիկ գնացել են ու ձայն չեն հանել։ Ես ուղղակի ժամանակավոր այստեղ եմ։ Ես գնալու եմ, գալու եմ, ինչպես բոլոր արտիստները, գնում են ինչ-որ տեղ, ապրում են, հետ են գալիս իրենց երկիր։
Ես դարձա «սպիտակ ագռավ», որովհետև անկեղծ էի այդ պահին ու պիտի գնայի։ Ես չեմ պատրաստվում մնալ Ամերիկայում։ Պատրաստվում եմ ապրել Հայաստանում, առանց Հայաստանի ես կյանք չունեմ։ Ես կամուրջներ չեմ այրել պարզապես ես խիզախություն եմ ունեցել խոսել այդ մասին»,– ասաց նա, իսկ հարցին՝ այս պահին վերադարձի նախանշած ժամկետներ ունի՞, պատասխանեց՝ դեռ ոչ։
Սարգիսը նկատեց, որ առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, այժմ բուժման փուլում է։ «Ինձ համար գերխնդիրը հոգու ներդաշնակությունն է։ Ես առողջությունս եմ կորցրել։ Բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեմ, որոնք պետք է հաղթահարեմ։ Պարտադիր չէ դրա մասին խոսեմ, բայց ավելի լավ է, որ ես հիմա հանգիստ լինեմ։ Ես կզգամ՝ որտեղ է պետք, այնտեղ կլինեմ։
Ինձ համար այս պահին շատ կարևոր է լինել հանգիստ։ Ամենամեծ պատճառը սա է։ Ես ոչ մի տեղ չեմ փախել, ոչ մեկից չեմ փախել։ Ովքեր մոռացել են, ես ամենադժվար պահերին եմ եղել իմ երկրում։ Հիմա այն դժվար պահերը չեն, հիմա դժվար է իմ ներսում»,– ասաց դերասանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում