Մամուլ

Ինչպես են շրջափակման մեջ հայտնված զինվորները վերջ տվել իրենց կյանքին

Ինչպես են շրջափակման մեջ հայտնված զինվորները վերջ տվել իրենց կյանքին

Hraparak.am-ը գրում է․ Խծաբերդում զոհված կամավորական Սարգիս Հարությունյանի հայրը՝ Վահրամ Հարությունյանը, որդու կորստի հետ չի հաշտվում: Տղայի մարմինը շուտ է գտնվել. սփոփիչ հանգամանք՝ անհետ կորածների կամ գերեվարվածների համեմատ:

Սարգիսի զոհվելու մանրամասներին հայրը ծանոթ չէ, որովհետեւ նրա զինակից ընկերները, այդ թվում իրենց համագյուղացին, եւս զոհվել են: «Բայց երբ Արտակ Զեյնալյանից իմացա, որ որդիս ինքնապանությամբ է վերջ տվել կյանքին, աչքերիս առաջ մթնեց, ցնցվեցի, կյանքս կրկնակի արժեզրկվեց»,- պատմում է զոհվածի հայրը:

Սարգիս Հարությունյանն ու զինակից ընկերները շրջափակման մեջ են հայտնվել: 3-4 օր գտնվել են ադրբեջանցիների նշանառության տակ: Երբ հասկացել են, որ իրենց շրջապատող օղակն օրեցօր սեղմվում է, իսկ ռազմամթերքը՝ վերջանում, Սարգիսը, գերի չընկնելու համար, քաշել է մոտը եղած նռնակի օղակը:

Այս պատմությունը ծանրացել է Սարգիսի հոր սրտին: Ինքը կարող էր որդուն «փախցնել» պատերազմից. այդ հնարավորությունն ունեցել է, բայց չի արել: Ավելին, երբ Սարգիսը զանգել ու ասել է, որ ուզում է տուն գալ, որովհետեւ «խայտառակ վիճակ է, սաղ գնացել են, մարդ չի մնացել, որ կռվի», ինքը՝ Վահրամը, սաստել է որդուն. «Մեռնելու էլ լինի՝ հետ չգաս, չդավաճանես հայրենիքդ, կմնաս՝ կծառայես մինչեւ վերջ…»։

sargis harutyunyan

ՀԳ․ Զոհված Սարգիս Հարությունյանը, մինչեւ պատերազմը, «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպությունից ոսկու գրավի դիմաց 220 հազար դրամ էր վերցրել: Հայրն այդ մասին իմացել է որդու զոհվելուց հետո:

Երբ գնացել է գրավադրված ոսկին հանելու ու պահելու՝ որպես հիշատակ, պարզվել է՝ արդեն վաճառել են: Հարցին, թե ինչու են շտապել՝ իմանալով երկրի դրությունը, պատասխանել են՝ զանգել ենք, բայց զանգերն անպատասխան են մնացել: «Իսկ գուցե հեռախոսի տերը զոհվել էր, կարող էր, չէ՞, լինել»,- ասել է հայրը:

Զոհված կամավորականի հայրը չի հասկանում որդեկորույս այն ընտանիքներին, որոնք դեռ հավատում են Փաշինյանի ստերին: «Էդ մարդն ասում է՝ պարտվել ենք, որովհետեւ դավաճանել են:

Պատերազմից 6 ամիս է անցել, ինչո՞ւ որեւէ մեկը պատժված չէ դավաճանության համար: Ինչո՞ւ է Փաշինյանն իրեն ուղղված յուրաքանչյուր մեղադրանքի արձագանքում, իսկ Ալիեւի ասածները թողնում անպատասխան: Երբ Ալիեւը խոսում է, ես ինձ փալաս եմ զգում, որի վրա Ադրբեջանը մաքրում է իր կեղտոտ ոտքերը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել