Մամուլ

Վարդենիսում 37-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք

Վարդենիսում 37-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք

Shamshyan.com-ի փոխանցամբ՝ այսօր՝ փետրվարի 4-ին, կասկադյորական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լյուդվիգ Մելիքյանին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, կոտրել այն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Վարդենիսի Ռազմական ոստիկանության ծառայողները՝ Ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Էրիկ Վարդանյանի գլխավորությամբ:

vardenis avtovtar

Հրշեջները ռազմական ոստիկանության և բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ամբողջությամբ այրվել է բենզալցակայանի լիցքավորման սարքը, բենզալցակայանն էլ կրել է նյութական վնաս, քանի որ բետոնե հենասյուներն ու պատի որոշ հատվածներ նույնպես վնասվել են:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վոլոդյա Մաթևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում:

Փաստի առթիվ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, քանի որ պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

avtovtar vardenis
Կիսվել