ՏեսանյութՄամուլ

75 գույք, 288 մլն դոլար, «Բենթլի» և «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Հայաստանի խոշորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող շինանյութ արտադրող ձեռնարկություններից մեկում՝ «Արարատցեմենտում», մինչև այս ամսվա վերջ պետության կողմից կառավարիչ կնշանակվի։

Էկոնոմիկայի նախարարության վերահսկողությանն անցած գործարանի վերաբերյալ դատախազությունը պնդում է, որ այն 23 տարի առաջ ոչ միայն շուկայական արժեքից 45 անգամ ցածր գնով է անցել Գագիկ Ծառուկյանին, այլև սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է բազմաթիվ խախտումներով։

Մասնավորապես, 2001 թվականին, որպեսզի գործարանը դառնա Ծառուկյանի սեփականությունը, մրցույթում հաղթած շվեյցարական ընկերությունը փաստացի դուրս է մղվել գործընթացից՝ նույնիսկ առանց վճարած կանխավճարը վերադարձնելու։

Խախտումներ են արձանագրվել նաև «Արարատցեմենտին» պատկանող ավելի քան 74 հեկտար մակերեսով հողամասերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության հանքարդյունահանման գործունեության ընթացքում։

«Արարատցեմենտից» բացի, դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջում է նաև 288 մլն դոլար, 75 անշարժ գույք, այդ թվում՝ Առինջում գտնվող երկու հանրահայտ առանձնատները՝ շուրջ 14 հեկտար հողատարածքով, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 4.2 մլրդ դրամը։

Ըստ դատախազության՝ Ծառուկյանի օրինական եկամուտներով չի հիմնավորվել ոչ միայն այդ տարածքների ձեռքբերումը, այլև դրանց կառուցապատումը։ Բռնագանձման հայցում ներառված են նաև թանկարժեք ավտոմեքենաներ, ինչպես նաև գործարարին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանքի տակ է՝ խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեղադրանքով

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում